Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանի Նկարիչների Միության տանը կայացավ Մարիա Կազարյանի «Դեպի անսահմանություն» խորագրով ցուցահանդեսը

Կայացավ վրացահայ նկարչուհի Մարիա Կազարյանի «Դեպի անսահմանություն» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անց էր կացվում Հայաստանի նկարիչների միության տանը Նոյեմբերի 28-ից Դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: 

Հայաստանյան ցուցահանդեսին ներկայացվել էր երեք տասնյակից ավել աշխատանքներ, որոնցից  շատերը ստեղծվել են հենց այս ցուցահանդեսի համար: Հինգօրյա տևած ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց հայ հանդիսատեսի շրջանում՝ արժանանալով բարձր գնահատականի և այցելուների ջերմ խոսքերի:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները նկարչի անհատական տպավորությունների, զգացումների և ապրումների մարմնավորում էին:  Ամենատաբեր գույների և համարձակ լուծումների համադրությամբ արվեստագետը փորձել  էր ընդգծել արվեստի և գեղեցիկի արտահայտման անսահմանությունը:

Ըստ նկարչուհու` գույների համադրությունը ծնվում է մարդու  ներաշխարհից, աշխարհին նայելու և այն արտահայտելու  կերպից: «Ես Հայաստանից հեռանում եմ ամենաջերմ տպավորություններով և հիշողություններով: Այս օրերի ընթացքում ստացած ջերմ խոսքերը և բարձր գնահատակնները  միշտ կմնան ինձ հետ, շատ ուրախ եմ, որ մարդիկ կարողացան տեսնել իմ ստեղեծած գեղեցիկը»,-ասաց Մարիա Կազարյանը: 

«Մարիան նկարում է յուրահատուկ տեխնոլոգիայով, և իր յուրաքանչյուր աշխատանքի միջոցով փորձում է տոն ստեղծել մարդկանց աչքերի համար: Ցուցասրահում մարդիկ դիտում էին նրա աշխատանքները, շատերը զարմանում էին, թե անթիվ-անհամար գույների միջոցով ինչպես է հնարավոր նման արդյունք  ստանալ: Ես շատ ուրախ եմ, որ նկարչուհին իր հետ կտանի վառ տպավորություններ և ամենաջերմ  հիշողությունները․ գնահատված լինելը ամենամեծ ձեռքբերումն է»,- նշեց ցուցահանդեսի կազմակերպման պատասխանատու Տաթև Այրումյանը: 

Նշենք, որ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին հասարակական և մշակութային գործիչներ, արվեստագետներ, ուսանողներ և բազմաթիվ հրավիրված հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկիրից:

Share