Այլ Լուրեր | 16:27 18/01/19

Հայաստանն ինտերնետի ազատության ցուցիչով «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2018 թվականի զեկույցով ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միավորների հաշվարկի համար հաշվի են առնվել քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները:

Նշվում է, որ Հայաստանում ինտերնետի ազատությունը բարելավվել է, երբ քաղաքացիները սկսել են ավելի արդյունավետ կիրառել սոցիալական մեդիաների հարթակները, հաղորդակցման, ուղիղ հեռարձակման հնարավորությունները: Դա դրսևորվեց 2018 թվականի ապրիլին, երբ կտրուկ փոփոխություններ գրանցվեցին քաղաքական դաշտում: Նշված ժամանակահատվածում սոցիալական մեդիա ծրագրերը չեն սահմանափակվել: Սոցիալական ակտիվությունն ու ուղիղ հեռարձակումը կարևոր են եղել թավշյա հեղափոխության արդյունավետության համար:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ինտերնետ հասանելիությունը գնալով աճում է: Այն լայն տարածում ունի Երևանի առևտրի կետերում, սրճարաններում, համալսարաններում, կանգառներում, մետրոյում: Հայաստանի օգտատերերն ունեն անսահմանափակ հնարավորություններ ինտերնետային ռեսուրսից օգտվելու համար՝ սոցիալական ցանցեր, տեսաձայնային ծառայություններ և այլն:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է 2018 թվականին ամենամեծ առաջընթաց գրանցած երկրները:

Facebook Linkedin Twitter Google+