Բաժին. Այլ Լուրեր

Միացե՛ք ԱՅԳ-ին և կապրենք նոր Այգաբաց

1918 Մայիս, 1989 Դեկտեմբեր, 1991 Սեպտեմբեր, 2018 Մայիս՝ թվականներ, որոնք հիմնարար հանգրվաններն են մեր պետականության և ժողովրդի վերածննդի:

Անկախ է պետությունը, ազատագրված է Արցախը, զարթնել է ժողովուրդը:

Սակայն պատմական ներկա իրավիճակը և դեպքերի ընթացքը չեն կարող բավարար համարվել:

Մեր պարտքն է տեր կանգնել մեր ճակատագրին և դիմակայել համաղետային սպառնալիքներին՝

Համամոլորակային տաքացման և ռեսուրսների սպառման ճգնաժամին,

Պատմական հայրենիքի ամբողջ տարածքում ժողովրդագրական ահագնացող աղետին,

Հայաստանի Հանրապետության թերզարգացածությանը,

Հայրենի գյուղական բնակավայրերի ամայացմանը,

Ավանդական մեր արժեքների ոտնահարմանը,

Հասարակական և քաղաքական խորացող պառակտմանը, պատեհապաշտությանը, արկածախնդրությանը և սպասվող հերթական հիասթափությանը,

Հայաստանին և Արցախին պարտադրված աշխարհաքաղաքական անօրինական շրջափակմանը,

Արցախի՝ Հայաստանի Հանրապետության միացման հապաղմանը,

Սփյուռքի՝ հայրենիքից անջրպետմանը եւ արագընթաց ուծացմանը,

Աշխարհաքաղաքական մեր մեկուսացմանը,

Արեւմտահայության անժամանցելի իրավունքների շարունակվող, անընդունելի ոտնահարմանը:

Ահա՛, այս գիտակցությամբ, հռչակում ենք ԱՅԳ Կուսակցության ստեղծումը:

Ով հա՛յ ժողովուրդ,

Ժա՛մն է սթափվելու եւ համախմբվելու,

Պա՛հն է պատասխանատվության եւ զարթոնքի,

Առի՛թն է մեր արժեքները, ավանդությունները, ժառանգությունը գիտակցելու,

Ատե՛նն է համահայկական ներուժի համարկման եւ զորաշարժի:

Ոչինչ կորած չէ,

Մեր կա՛մքն աննկուն է,

Ազատական-պահպանողականների աշխատանքի ժամանակն է,

Համախմբված, հաշտ, պարկեշտ, գիտակից եւ պատասխանատու քաղաքական գործունեության ժամանակն է,

ԱՅԳ-ի Համազգային ծրագրի շուրջ համախմբվելու ժամանակն է:

Միացե՛ք ԱՅԳ-ին եւ կապրենք նոր Այգաբաց:

Երևան, 11 Փետրվար 2019թ.

ԱՅԳ, Համահայկական Ազատական-պահպանողական Կուսակցության (ԱՅԳ ՀԱՊԿ) Հիմնադիր խորհուրդ.

Share