Բաժին. Այլ Լուրեր

Ապօրինի հարստացման հոդվածով Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ

Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ: Իսկ փողերի լվացման հոդվածով նախորդ տարի հարուցվել է 8-9 քրեական գործ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի:

«Այդ երկու հանցակազմերը մեր իրավակիրառ պրակտիկայի համար նորություններ են: Եվ ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց խնդիրներ ունեն։Այդուհանդերձ մեր երկրում մեկ ու կես տարվա ընթացքում արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական օրենքով նախատեսված հոդվածը: Այս պահի դրությամբ ունենք 5 անձ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում »,-ասաց Դավթյանը:

Փողերի լվացման առումով 2018 թվականին դրան նախորդող տարվա համեմատ ևս ակտիվացում է նկատվել: 2017 թվականին  այդ հոդվածով ոչ մի գործ չի եղել: Դատախազի խոսքով՝  2018թ.-ին 8-9 քրեական գործ կա այս հոդվածով:  «Սակայն խնդիրն այն է, որ հաճախ ոչ թե ի սկզբանե քրեական գործ է հարուցվում փողերի լվացման հոդվածով, այլ ուրիշ հանցագործությունների գործերի ընթացքում, երբ պարզվում է, որ փորձ է արվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը օրինականացնել, նրա մեղադրանքի մեջ ընդգրկվում է նաև փողերի լվացում»,-ասաց նա:

Դավթյանի գնահատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումը բերելու է այդ հոդվածով հետապնդումների քանակական աճի։

Share