Բաժին. Այլ Լուրեր

Կառավարությունն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը դարձնել 2 տարի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու ժամկետը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախագծի մի քանի հոդվածներով հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ժամկետները: Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվելու տարիքը՝36-ից դառնալով 40 տարեկան: Հանձնաժողովում քննարկման ժամանակ լրացում է կատարվել, առաջարկվել է հազվագյուտ մասնագիտությունների գծով սահմանել 45 տարին: Նախատեսվում է նաև քաղաքացու պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կառավարության լիազորված պետական մարմնի կողմից մերժելու հնարավորությունը կառավարության կողմից սահմանված կարգով նշված դեպքերում: Այս նախագծով նաև առաջակվում է, որ այսօր գործող «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն 3 տարի ժամկետը կրճատվի մինչև 2 տարի»,-ներկայացրեց Բալայանը:

Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Իսկ նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման պայմանագրի ժամկետը սահմանվում է 1 տարի՝ գործող 3 ամսվա փոխարեն, խոսքն ակտիվ պահեստազորի մասին է: Իսկ սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը:

«Նախագծի 14-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի շրջանակներում վերացվում է առկա թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովություն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցությունը և տնամերձ հողամասով ապահովման ձևերը»,-եզրափակեց Բալայանը:

Share