Բաժին. Այլ Լուրեր

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը կարող է դառնալ բազիսային օրենքի նախագծի վերջնական տարբերակի համար

Ս.թ. հուլիսի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ՝ Աշոտ Մելիքյանի, Երևանի մամուլի ակումբի նախագահ՝ Բորիս Նավասարդյանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն՝ Նունե Սարգսյանի և Հեռուստատեսության , ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի հետ համատեղ հանդիպումը, որի ընթացքում վերոնշյալ կազմակերպությունների համատեղ աշխատանքային խումբը ներկայացրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը:

Կազմակերպություններին ընդունել է ՀՀ ԱԺ Հեռուստատեսության , ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի ղեկավար՝ Վահագն Թևոսյանը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ՝ Աննա Կոստանյանը , Իվետա Տոնոյանը, Սոֆյա Հովսեփյանը , Անուշ Բեղլոյանը, Սիսակ Գաբրիելյանը և Գայանե Աբրահամյանը:

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ նախաձեռնողականության համար: Խիստ կարևորելով նրանց դերը՝ այդ թվում, մեդիա դաշտի ոլորտում իրավական դաշտի ձևավորման առումով, նա նշեց, որ օրենքի նախագծի այդ տարբերակը կարող է դառնալ բազիսային օրենքի նախագծի վերջնական տարբերակի համար: Վահագն Թևոսյանը նշեց, որ հնարավորության շրջանակներում ամենամոտակա ժամանակահատվածում նախագիծը կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ, կարվեն համապատասխան հետևություններ և առաջարկություններ:

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց, որ նոր օրենք ընդունելը երկարատև աշխատանք է պահանջում, և գուցե հնարավոր չլինի այն ներառել առաջիկա նստաշրջաններից որևէ մեկում:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները արձագանքեցին, որ պատրաստ են ակտիվորեն համագործակցել և քննարկել տարակարծություներ առաջացնող դրույթները և նոր առաջարկները:

Share