Այլ Լուրեր | 13:06 16/08/19

ՊԵԿ. կանխվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների զանգվածների տեղափոխման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Մեղրիի սահմանային անցակետ ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացու զբաղեցրած նստարանի նստատեղի տակից հայտնաբերել են 102.09 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Զննության արդյունքում բացահայտվել է նաև 29.08 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրանյութին նմանվող, բաց շագանակագույն զանգված: ՊԵԿ աշխատակիցները թաքստոցից հայտնաբերել են նաև առանց մակնշման 53 հատ դեղահաբ, որոնք, ըստ Իրանի քաղաքացու՝ «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ են:

Փաստի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին կալանավորվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook Linkedin Twitter Google+