Բաժին. Այլ Լուրեր

Ամերիա. Ինչու՞ են հայ ուսանողները ավելի շատ մեկնում սովորելու արտերկրում

Աշխարհում տարեց տարի ավելանում են միջազգային ուսանողների թիվը (2017 թ.-ին 2012-ի նկատմամբ աճը կազմել է 25%), ինչը հիմնականում պայմանավորված է արտերկրում կրթությունը ֆինանսավորող ծրագրերի աճի հետ:

Հայ ուսանողները նույնպես ակտիվորեն հետաքրքրվում են նման ծրագրերով, որի արդյունքում Հայաստանից մեկնած ուսանողների թիվը նույնպես աճում է: Դրական փոփոխությանը նպաստում է նաև կրթական ծրագրերի ֆինանսավորման համար կառավարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Այսպես, ըստ UNESCO վիճակագրական ինստիտուտի (UIS) 2012-2017 թվականներին Հայաստանից դուրս սովորող Հայաստանի քաղաքացի ուսանողների թիվը միջինում աճել է 1.8%-ով (CAGR)` 2017-ին կազմելով 7913 ուսանող, որոնց հիմնական ուղղությունները Ռուսաստանի Դաշնություն է (63.7%) և Ֆրանսիան (11%):

Աղբյուրը: UNESCO վիճակագրական ինստիտուտի, http://uis.unesco.org/en/uis-student-flow (դիտարկվել է`15 հուլիսի 2019թ.)

Հայաստանից մեկնած ուսանողների բացարձակ արժեքով թիվը տարածաշրջանի երկրների համեմատ ամենացածրն է (Պատկեր 2), սակայն երկրների չափերի տարբերությունը հարթեցնելու համար նպատակահարմար է դիտարկել  մեկնած ուսանողների կշիռը ընդամենը երկրում սովորող ուսանողների մեջ (Պատկեր 3): Այդ դեպքում Հայաստանը  զիջում է միայն Ադրբեջանին:

Ծանոթագրություն. Համաձայն UNESCO վիճակագրության մեթոդաբանության միջազգային ուսանող են համարվում արտերկրում ինչպես բուհական, այնպես էլ մինչբուհական կրթություն ստացող քաղաքացիները, միջդեռ Արմստատի կողմից հրապարակվող վիճակագրության համաձայն ուսանող է համարվում առնվազն բակալավրիատի առաջին կուրսում սովորողը:

Հարց է առաջանում. Եթե Հայաստան ժամանող միջազգային ուսանողների թիվը հարաբերականորեն բարձր է, ապա ինչու՞ են հայ ուսանողները մեկնում արտերկիր սովորելու:Students shareԱղբյուրը:

UNESCO վիճակագրական ինստիտուտ, Ամերիա թիմի հաշվարկներ

Մեկնած ուսանողների հարաբերական մեծ թիվը կարող է մի շարք բացատրություններ ունենալ, որոնցից են թերևս, ա. տվյալ երկրի կրթական համակարգի հարաբերական ցածր որակ-գին մակարդակը միջազգային մակարդակի համեմատ, բ. այլ երկրներում բնակվող տվյալ երկրի քաղաքացիների քանակը և այլն:

Օրինակ, արտերկրում սովորող Ադրբեջանի քաղաքացի ուսանողների կեսից ավելի սովորում են ՌԴ-ում և Թուրքիայում, ինչը կարող է մեծամասամբ պայմանավորված լինել այս երկրներում ապրող Ադրբեջանի բնակիչների առկայությամբ, ովքեր, տվյալ դեպքում, դիտարկվում են որպես արտերկրում սովորողները: Նույն տրամաբանությամբ բացատրվում է նաև Հայաստանից դուրս սովորող ուսանողների բարձր մակարդակը ՌԴ-ում, որտեղ սովորող ուսանողները կազմում է ՀՀ քաղաքացի միջազգային ուսանողների 60%-ից ավելին:

Այսինքն, կարելի է փաստել, որ Հայաստանից ուսման նպատակով փաստացի մեկնածների թիվը ավելի քիչ է, քան ներկայացված է: Հայաստանից հատուկ ուսման նպատակով մեկնողները ներկայումս հիմնականում նախընտրում են կրթություն ստանալ զարգացած երկրներում, ինչպես օրինակ Ֆրանսիայում, Անգլիայում կամ ԱՄՆ-ում:

Դրան հակառակ Հայաստանում սովորող միջազգային ուսանողների գերակշիռ մասը զարգացող երկրների բնակիչներ են: Այս ուսանողների թիվը նույնպես աճում է, սակայն աճի տեմպը մոտ 1/3-ով դանդաղ է Հայաստանից մեկնած ուսանողների թվի աճի տեմպի համեմատ:

Հայաստանում սովորող միջազգային ուսանողների տեսակարար կշիռն ընդամենը ուսանողների մեջ դիտարկված երկրների շարքում զիջում է միայն Վրաստանին, այն էլ չնչին չափով: Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանում սովորող ուսանողների կեսից ավելին ունեն ՌԴ կամ Վրաստանի քաղաքացիություն, որոնց մի մասը հավանաբար ազգությամբ հայեր են, ինչով էլ պայմանավորված է ուսանողների մեծ հոսքը այս երկրներից: Այստեղ ևս կարևոր է կրթության գին-որակ հարաբերակցությունը:

Ամերիա

Share