Բաժին. Այլ Լուրեր

ՌՈՒՍԱԼ-ի գիտափառատոնը մեկնարկում է Երևանում

ՌՈՒՍԱԼ-ը, աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ընկերություններից մեկը, որի կազմում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, սեպտեմբերի 26-28-ը Երևանում անցկացնում է «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտությունը»: Նշանակալի գիտաճանաչողական նախագիծը երրորդ անգամն է կայանում Ռուսաստանի և Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում է ընկերությունը:

Փառատոնը կոչված է հանրամատչելի դարձնել գիտությունը, աշակերտների, ուսանողների, հանրապետության բնակիչների համար բացահայտելու գիտական նվաճումներն ու գյուտերը, ներկայացնելու ֆիզիկական բարդ երևույթները, տեխնիկական նորույթները:

 Երևանում ՌՈՒՍԱԼ-ի գործընկերը և Փառատոնի հիմնական հարթակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության աջակցությամբ:

«ՌՈՒՍԱԼ-ի փառատոների անցկացման մեր փորձը վկայում է արդի գիտատեխնիկական ձեռքբերումների հանդեպ մեծ հետաքրքրության մասին, – նշեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը: – Նշանակալի է, որ այս անգամ Փառատոնի հիմնական ընթացքը և ցուցադրությունները ծավալվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որի հետ մեր գործարանը կապված է բազմամյա արգասաբեր համագործակցությամբ»:

    Փառատոնի շրջանակներում կկայանան ինտելեկտուալ խաղեր Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում և «Այբ» կրթահամալիրում, ինչպես նաև Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ կանցկացվի քիմիական վիկտորինա՝ նվիրված Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:

Փառատոնի հանդիսավոր բացումը, գիտական ցուցահանդեսը և ինտերակտիվ խաղերը, հանրահայտ գիտնականների հետ հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին 10.00-18.00 Ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում: Բացման արարողությանը ելույթ կունենա տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Սերգեյ Ռյազանսկին, որը մեծ ճանաչում է ձեռք բերել Միջազգային տիեզերակայանից Հայաստանի տարածքի իր լուսանկարներով:

Փառատոնի բոլոր միջոցառումներին մուտքն անվճար է:

Share