Բաժին. Այլ Լուրեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնին հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, որն անցկացվել է նոյեմբերի 28-ին «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով, նախնական տվյալներով հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար: Հանգանակությունները դեռևս շարունակվում են, և վերջնական արդյունքներն ամփոփվելու են տարեվերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասաց, որ հեռուստամարաթոնը միակ դրամահավաքը  չէ, որն իրականացնում է հիմնադրամը տարվա ընթացքում: «Այս տարվա գարնանը մեր մշակած նոր ռազմավարությունը միտված է փոքր նվիրատվություններով, բայց շատ մարդկանց ներգրավել հիմնադրամի աշխատանքներում և այդ մարդկանց միջոցով ծրագրեր իրականացնել, ինչն էլ կբարձրացնի մասնակցությունը, ներկայացվածությունը և մեր հաշվետվողականությունը», – շեշտեց նա:

Անդրադառնալով  «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնին`Արշամյանը տեղեկացրեց, որ արդեն խոստում ունեն 10,235,847 ԱՄՆ դոլարի, ինչը ցույց է տալիս, որ դրամահավաքը չի ավարտվել: «Հիմնականում մեր կայքում դրված օնլայն նվիրատվության գործիքով փորձում ենք գումար հավաքել և խրախուսում ենք մարդկանց ոչ թե մեկ անգամ որոշակի գումար տալ, այլ դառնալ մեր բաժանորդները և իրենց կրեդիտ քարտը գրանցելով հիմնադրամի կայքում` ամեն ամիս որոշ գումար նվիրաբերել հիմնադրամին: Մեզ համար կարևոր է ոչ թե ունենալ հինգ կամ տասը նվիրատու, որոնք մեզ կտան տասը, քսան կամ երեսուն միլիոն դրամ, այլ ունենալ հարյուր հազարավոր նվիրատուներ, որոնք ամեն ամիս կարող են 500 կամ 1000 դրամ փոխանցել հիմնադրամին», – նշեց գործադիր տնօրենը:

Արշամյանի խոսքով` այս տարի Իրանում, Շվեդիայում, Կանադայում, Լիբանանում և Ավստրիայում դեռևս դրամահավաք չեն սկսել, քանի որ Իրանում տնտեսական խնդիրներ կան, իսկ անցյալ տարի Իրանից մոտ մեկ միլիոն դոլար գումար է հանգանակվել, Լիբանանում նույնպես հետաձգվել է դրամահավաքը, Կանադայում միշտ տարվա սկզբում է իրականացվում և այլն: Այդ երկրներում հետագայում իրականացվող դրամահավաքի արդյունքները կավելանան հեռուստամարաթոնի գումարներին: «Ֆրանսիան այս տարի ռեկորդակիր է և մոտավորապես 2 մլն  900 հազար դոլարից ավել գումար է հանգանակել: Գերմանիան մոտավորապես 72 հազար 704 եվրո է նվիրաբերել, Հունաստանը` 26 հազար դոլարից ավելի, Շվեյցարիան մոտավորապես քսան հազար դոլար է տվել, Մեծ Բրիտանիայից 70 հազար դոլարի խոստում ստացանք, բայց երեկ տեղեկացանք, որ ևս 250 հազար դոլարի խոստում կա, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի գումարը դառնում է 320 հազար դոլար: Ընդհանուր առմամբ Եվրոպայից հանգանակվել է 3,361, 938 ԱՄՆ դոլար»,-շեշտեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նա հավելեց, որ Արգենտինայից նվիրաբերվել է մոտավորապես 94 հազար դոլար, Ավստրալիայից` 24 հազար 7 հարյուր դոլար, Եգիպտոսից` տասը հազար դոլար, Բրազիլիայից`42 հազար դոլար, իսկ Տորոնտոն` 700, 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերվել, Հայաստանն ու Արցախը միասին նվիրաբերել են 1 մլն 822 հազար 732 դոլար, «Տաշիր» գրուպը` 1 մլն 500 հազար դոլար է նվիրաբերել, Սանկտ Պետերբուրգից Հրաչյա Պողոսյանը` 7 հազար 772 դոլար: ԱՄՆ-ից հանգանակվել է 2,843,405 դոլար:

Արշամյանն անդրադարձավ նաև քննարկումների առիթ դարձած այն դիտարկմանը, թե ժամանակին հիմնադրամը 35 մլն դոլար էր հավաքում, իսկ այժմ տասը միլիոն դոլար: «Օրինակ 2008-ին խոստացվել է 35 մլն դոլար, բայց հիմնադրամ մուտք է եղել տասը մլն 884 հազար դոլար: Այսինքն՝ հայտարարված և իրական  մուտքագրված թվերը տարբեր են եղել: Եվ հայտարարել, որ այս կամ այն մարդու ղեկավարած տարիներին ավելի շատ գումար է հավաքվել, քան հիմա, բացարձակ ճիշտ չէ: Եղել են տարիներ, որ հայտարարվել է ավելի ցածր գումար, բայց ավելի շատ գումար է հավաքվել: Պատճառները տարբեր են. հավաքագրված գումարների և խոստումների տարբերությունը հաճախ շատ մեծ է լինում: Երբեմն այս կամ այն կազմակերպությունը փոշմանում է, կամ գործարարը ֆինանսական խնդիրներ է ունենում և չի կարողանում տալ այն գումարը, որը խոստացել էր և այլն»,-պարզաբանեց նա:

Արշամյանը նաև հիշեցրեց, որ հեռուստամարաթոնի նախօրեին #armeniafundchallenge հեշթեգով սկսել էր ֆեյսբուքյան մարտահրավերների մի շարք, որով կոչ էր անում նվիրաբերել մեկ գավաթ սուրճի գումարը հիմնադրամի երկու կարևոր ծրագրերի իրականացման համար: Մարտահրավերը լայն տարածում ստացավ, երբ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին` կոչ անելով ամսական պարբերական նվիրատվություն կատարել հիմնադրամին: Թանկյանն ու Օհանյանն ընդունեցին մարտահրավերը իրենց հերթին մարտահրավեր նետելով ամերիկահայ հայտնի գործիչներին: Մարտահրավերի արդյունքում մինչ օրս հավաքվել է 326 հազար դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզում` Տավուշում, Լոռիում, Շիրակում: Բազմաթիվ համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով:

Share