Բաժին. Այլ Լուրեր

Ոստիկանությունը կդառնա նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների  2020-2022 թվականների ռազմավարությունը, որով  առաջարկում է ստեղծել ներքին գործերի նախարարություն: Ինչպես տեղեկացնում «Բիզնես 24»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը,  նախարարությունը անհրաժեշտ է համարում ստեղծել  ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։ 

«Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե խորհրդարանական, և թե քաղաքացիական վերահսկողությանը։ Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրական բազայի, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ»,- ասված է նախագծում:

Ըստ նախագծի` քրեական նոր օրենսդրության կարգավորումների ու սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է ոլորտային օրենսդրությամբ հստակեցնել նաև ոստիկանության ֆունկցիաները քրեական դատավարության կարգով իրականացվող նախաքննության առումով։

«Մյուս կողմից, անհրաժեշտ է հստակեցնել վարչական իրավախախտումների կանխարգելման ու քննության ոլորտներում ոստիկանության տարբեր ծառայությունների գործառույթները, համագործակցության մեխանիզմները։ Կարևոր է լինելու նաև վերանայել սահմանային համալիր կառավարման պետական գործառույթները  ոստիկանությանը վերապահելու հարցը»,- նշված է նախագծում:

Share