Բաժին. Սոցիալական

Արդշինբանկը` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հովանավոր

Արդշինբանկը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնին: Համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը և Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Արդշինբանկի կողմից իրականացվող աջակցությունն ուղղված է նպաստելու Թատրոնի հետագա զարգացմանը, երկրի մշակութային կենսագրության հարստացմանը, ավանդույթների պահպանմանը և փոխանցմանը սերնդեսերունդ, ինչպես նաև հասարակության շրջանում օպերայի, բալետի և թատերական մշակույթի հետագա զարգացմանը:

«Արդշինբանկն այսօր պաշտոնապես ստանձնեց առաքելություն նպաստելու երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկի աջակցմանը և դրա հետագա զարգացմանը: Առանցքային համարելով մեր երկրում մշակույթի և արվեստի զարգացումն, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանումն՝ այսուհետ Բանկի բարեգործական ծրագրերն ուղղված են լինելու նաև այս ոլորտի զարգացմանը: Հասարակության հետ հաղորդակցման այս միջոցն ամենաարդյունավետն է, քանի որ այն ինչ փոխանցվում է մշակույթի միջոցով համամարդկային է, գեղեցիկ և մաքուր. հենց դա է թույլ տալիս գնահատել բարձրարժեքն ու ձգտել կատարելագործման: Թատրոնի գլխավոր հովանավորի կարգավիճակը մեծ պատիվ և պատասխանատվություն  է Բանկի համար: Համոզված ենք, որ սա աջակցություն է, որը ստեղծելու է նոր արժեքներ, ավելին, մենք սա չենք դիտարկում որպես զուտ բարեգործություն, այն նպատակային ներդրում է ապագայի մեջ, որտեղ շահում է թե´ հասարակությունը, թե´ բիզնեսը» – նշեց Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Մենք վստահ ենք, որ Արդշինբանկի հետ մեկնարկող գործընկերային հարաբերությունները կնպաստեն Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի հետագա զարգացմանը: Այն հանգամանքը, որ Հայաստանյան հեղինակավոր բանկերից մեկը ստանձնել է բարձրարժեք մշակույթին աջակից լինելու գործը՝ երկուստեք պատվաբեր և պարտավորեցնող է: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացվելիք նյութական միջոցներն օգտագործվելու են նոր ներկայացումներ բեմադրելու նպատակով՝ այդ թվում նաև մանկական, որոնք հուսով ենք արժանի տեղ կզբաղեցնեն Թատրոնի ոսկե ֆոնդում», – նշեց օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

———–

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը միակն է աշխարհում, որ կոչված է զարկ տալու հայկական օպերային և բալետային արվեստների զարգացմանն ու հանրահռչակմանը: Թատրոնը գործունեությունը սկսել է 1933 թ. հունվարի 20-ին՝ Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով և արդեն 85 տարի է մեր բարձրարժեք մշակույթը ներկայացնում է Հայաստանում և աշխարհի հեղինակավոր բեմերում: Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու խաղացանկը՝ հայ և համաշխարհային օպերային ու բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու նպատակով:

Share