Բաժին. Սոցիալական

Կապահովվի երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում պետական աջակցությունը

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին կամ 11,2 տոկոսին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով:

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով:

Share