Բաժին. Սոցիալական

«ՍՈՐՍ» հիմնադրամն ամփոփել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործակցության հերթական տարին

Արդեն երկու տարի հատուկ խնամքի կարիք ունեցող 40 երեխա Երևանում օգտվում է մասնագիտացված անհատական օգնականի ծառայությունից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում չորս տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաև նրանց ընտանիքներին: Արդյունքում, արդեն իսկ կարևոր փոփոխություն է արձանագրվում ոչ միայն այդ երեխաների, այլև նրանց ընտանիքների կյանքում: Հաշմանդամություն և հատուկ խնամքի անհրաժեշտություն  ունեցող երեխաներն այդ ծառայության շնորհիվ դուրս են գալիս ինքնամեկուսացումից. այլևս չեն սահմանափակվում բացառապես մոր հետ շփվելով, իսկ ընտանիքները վերադառնում են կյանքի բնականոն ռիթմի:

2014 թվականից, իր աջակցությամբ հիմնադրամի տարբեր ծրագրերին միացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը: 2017թ-ին 40 երեխայի հետ 8 ամիս շարունակ շաբաթական 3 օր 6-8 ժամ աշխատանք է տարվել տանը, դրսում, դպրոցում և կենտրոններում: Անհատական օգնականները վերապատրաստման դասընթացներ են անցել, ինչպես նաև պրակտիկ աշխատանք կատարել երեխաների հետ զարգացման և խնամքի կենտրոններում: Անհատական օգնականի աշխատանքը վերահսկվել է երեք գլխավոր մասնագետների կողմից, որոնք շտկել են երեխայի հետ աշխատելու զարգացման և ֆիզիկական վիճակի բարելավման ընդհանուր անհատական պլանը, ինչպես նաև կարգավորել և առավել արդյունավետ դարձրել աշխատանքը երեխա-օգնական-ծնող շղթայում:

«ՍՈՐՍ»  հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարևոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է ստեղծել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների սպասարկման նոր մասնագիտացում, համախմբել հաշմանդամության տարատեսակ խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետներին, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին ու երեխաներին:

Յուրաքանչյուր երեխայի սպասարկումն, ըստ անհրաժեշտության, իր մեջ ներառել է խնամք, ինքնասպասարկման հմտությունների զարգացում, զբոսանք, ուղղորդում դպրոցներում կամ զարգացման տարբեր կենտրոններում,  անընդմեջ ակտիվ աշխատանք յուրաքանչյուր երեխայի համար մշակված անհատական զարգացման պլանով: Մանկավարժ-օգնականներից և հատուկ մասնագետներից կազմված թիմին հաջողվել է հասնել զգալի արդյունքների՝ ապահովել երեխաների առավել անկախ, ուրախ և որակյալ ցերեկային զբաղվածություն, խնամակալ-ծնողներին՝ հնարավորություն տալ փոքր ինչ հանգստանալու, կրթվելու, բնականոն կյանքին վերադառնալու:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share