Բաժին. Սոցիալական

Ապագայի մասնագիտությունները՝ երեխաների ներկայացմամբ․ մեկնարկեց Ռոստելեկոմի և Այբ դպրոցի համատեղ նախագիծը

«Այբ» դպրոցում մայիսի 30-ին մեկնարկեց «Ռոստելեկոմի» հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագծի առաջին ցուցադրություն-քննարկումը, որի մասնակիցները ծանոթացան ապագայի տեխնոլոգիաների համաշխարհային վերջին միտումներին, հաղորդակցվեցին ամենաանհավանական ոլորտներում դրանց կիրառությանը (օրինակ՝ արհեստական բանականությանն արվեստում) և տեղեկացան հայաստանյան զարգացումներին։

«Ռոստելեկոմը», լինելով ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, միացել է «Այբ» դպրոցի սաների նախաձեռնած «Բարև ապագայից» նախագծին՝ մեծապես կարևորելով տեխնոլոգիաների միջազգային զարգացումների վերաբեյալ հանրային իրազեկման նմանօրինակ միջոցառումների իրականացումն ու տեխնոլոգիական մտածողության զարգացումը հատկապես երիտասարդների շրջանում։

«Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի աշակերտները ներկայացրին «Բարև ապագայից» նախագիծը, որի շրջանակներում ցուցադրվեցին արհեստական բանականության ստեղծած արվեստի գործեր։

«Ամեն դար ունեցել է իր նորարարությունն արվեստում։ Մեր դարն արհեստական բանականության դար է, և զարմանալի չէ, որ նորարարության ոգևորությունները դեպի արվեստ են գալիս հենց արհեստական բանականությունից։ Այն, ինչ մտածեցին և իրականացրին «Այբ»-ի աշակերտները, դրա վառ ապացույցն է։ Միացնելով երկու շատ տարբեր աշխարհ՝ նրանք ստեղծեցին մի յուրօրինակ երևույթ, որի նմանը չկա. ցուցահանդեսի ժամանակ ներկայացվում է արհեստական բանականության կողմից ստեղծված արվեստի աշխատանք։ Ցուցահանդեսին մասնակցում է ոչ թե երկու հեղինակ՝ գեղանկարիչ և լուսանկարիչ, այլ երեք՝ լուսանկարիչ, գեղանկարիչ և արհեստական բանականություն»,— ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Ապագայի տեխնոլոգիաներն ու մարդկության տեխնոլոգիական ապագան արդի ամենաքննարկվող ու հեռանկարային թեմաներից են։ Ըստ որոշ տեսակետների՝ տեխնոլոգիաների զարգացումն ու մարդկային գործոնի նվազեցումը վտանգում են մի շարք մասնագիտությունների գոյությունը։ Մյուս կողմից, սակայն, պատմությունը փաստում է, որ գիտատեխնիկական առաջընթացը մշտապես նպաստել է մարդկության զարգացմանը և կենսական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը՝ ավելի շատ ժամանակ ազատելով ստեղծագործելու համար։

«Այսօր երեխաների կողմից արհեստական բանականության ճիշտ ընկալումը ապագայում նրանց հնարավորություն կտա դրա կիրառման համար նորանոր ուղղություններ գտնելու։ Արհեստական բանականության կիրառությունն օրեցօր ավելի ու ավելի լայն շրջանակներ է ընդգրկում՝ նվազեցնելով մարդկային աշխատանքն ու ջանքերը։ Ուրախալի է, որ «Այբ» դպրոցը, ի թիվս այլ ուղղությունների, կարևորում է երեխաների տեխնո կրթությունն ու մտածողության զարգացումը։ Համոզված եմ՝ այսօրվա քննարկումն ու ցուցահանդեսը շատ օգտակար կլինեն մասնակիցներին և ընդհանուր պատկերացում կտան այն ամենի մասին, ինչը ակամա մեզանից յուրաքանչյուրը մոտ ապագայում կիրառելու է»,— նշեց «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ցուցահանդեսի հեղինակներին հաջողվել էր խնդրին մոտենալ այլ տեսանկյունից ու ներկայացնել, թե ինչ դեր ունեն տեխնոլոգիաներն արդեն այսօր մեզանից յուրաքանչյուրի կյանքում և ինչ ազդեցություն՝ կենսակերպի, կրթության և մասնագիտության վրա։

Ցուցահանդեսին զուգահեռ  ոլորտի առաջատար մասնագետները՝ «Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի ղեկավար Վազգեն Հակոբջանյանը, ՀԱՀ-ի դասախոս, տվյալագիտության բաժնի համահիմնադիր Արթուր Խալաթյանը, “HiLearn”-ի հիմնադիր և տնօրեն, ՀԱՀ-ի դասախոս Արսեն Մամիկոնյանը և ՀԱՀ-ի դասախոս, “Datamotus” ընկերության տնօրեն Հաբեթ Մադոյանը ներկայացրին տեխնոլոգիաների զարգացման իրենց տեսլականը և քննարկեցին այդ զարգացման ճանապարհին մարդկանց ունեցած դերն ու մասնակցության հնարավորությունները և, ամենակարևորը, թե ինչպես պատրաստվել այսօր ապագայի ամենահետաքրքիր մասնագիտություններին։

«Այբ» դպրոց

«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է՝ կրթել և դաստիարակել ուսյալ, մրցունակ, ապագայի տեսլականով ու պատասխանատու երիտասարդների սերունդներ:

«Այբ» դպրոցը բացվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ: «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, և աշակերտների մոտ 70%-ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում): «Այբ» դպրոցը 12-ամյա է՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) բաղադրիչներով:

«Այբ» դպրոցում դասավանդումը կատարվում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով: Արարատյան բակալավրիատը հայալեզու, հայկական կրթության լավագույն ավանդների և համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումների վրա հիմնված, միջազգային հայտնի կրթական հարթակներին համազոր ճանաչված ծրագիր է: Այն մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել պետության հետ համատեղ իրականացվող Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում: Մեկնարկել է Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ մարզային դպրոցներ, որպեսզի այն հասանելի դառնա բոլոր հայ երեխաներին՝ նրանց հարազատ մարզերում, անվճար:

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-Ալֆա» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012 թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ «ՋԻԷՆՍԻ-Ալֆա» ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013 թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «Հիբրիդ սոլյուշնզ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի «Այփի» հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկամանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և թրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարելու ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014 թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր հատվածներում՝ Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունն առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում։ Ինտերնետային հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10,9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7,7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունն առաջատար դիրքեր ունի նաև էլեկտրոնային կառավարության համար նորարար լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով.  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s-ի գնահատմամբ այն “BB+” է:

Share