Բաժին. Սոցիալական

Բարի երկուշաբթի Կարասում. Ձեր պատվերի 5% փոխանցվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Դեկտեմբերի 3-ից Կարաս ազգային սննդի ցանցը, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, կմեկնարկի «Բարի երկուշաբթի» ակցիան: Ամեն երկուշաբթի յուրաքանչյուր առաքման պատվերի գումարի 5%-ը կփոխանցվի բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին: Բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքված գումարը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների աջակցմանը:

«Երեխաները մեր երկրի ապագան են, մեր գործի ու գաղափարների ժառանգորդները, մեզ համար թանկ է յուրաքանչյուր ժպիտ: Քաղցկեղով հիվանդ փոքրիկները մեզնից յուրաքանչյուրի աջակցության և հոգատարության կարիքն ունեն:

Տարիներ շարունակ, առաջնորդվելով ազգային արժեքների պահպանմամբ և ամրապնդմամբ, Կարաս ազգային սննդի ցանցը բարեգործական տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել և իր լուման ներդրել երկրի զարգացման գործում: Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների թվի ավելացումը ևս կարևոր խնդիր է մեզ համար, և չէինք կարող անտարբեր աչքերով նայել մեր աջակցության կարիքն ունեցող երեխաներին: Այս ակցիան փոքրիկ, բայց զգալի խթան կհանդիսանա Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացման՝ մեծ ու պատասխանատու գործում: Միավորելով բոլորիս ուժերը, մենք կարող ենք փրկել մի փոքրիկի կյանք»,-մեկնաբանեց Կարաս ազգային սննդի ցանցի համասեփականատեր Աշոտ Հարությունյանը:

Հավելենք, որ «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի օգնի քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց, նպաստի Հայաստանում ուռուցքաբանությանը և արյունաբանության շարունակաբար զարգացմանը, ինչպես նաև աջակցի բժիշկներին և բուժ․ հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձորակ ախտորոշման և բուժման գործընթաց իրենց հիվանդների համար։

Share