Բաժին. Սոցիալական

«ԱՅՍԵԿ»-ը նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը

Ապրիլի 13-ին պաշտոնապես մեկնարկեցին Հայաստանում «ԱՅՍԵԿ»-ի գործունեության 30-ամյակի միջոցառումները: Երևանի «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում կայացավ միջոցառումների շարքի առաջին հանդիպումը, որին ներկա էին «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ի 30-ամյա գործունեության տարբեր տարիների շրջանավարտներ և ներկայիս ակտիվ անդամներ: Հանդիպման անկեղծ ու ջերմ միջավայրում մասնակիցները կիսվեցին իրենց հիշողություններով, ներկայացվեց «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ի 30-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը և անցկացվեց պանելային քննարկում` Հայաստանի երիտասարդների շրջանում առաջնորդության զարգացման թեմայով: Բանախոսներն, ովքեր «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ի շրջանավարտներ էին, պատմեցին, թե ինչպես է «ԱՅՍԵԿ»-ն օգնել իրենց ձեռք բերել գործնական գիտելիքներ և առաջնորդական հմտություններ, կիսվեցին իրենց տեսակետներով, թե ինչպիսի առաջնորդներ են այսօր անհրաժեշտ Հայաստանին և ինչպես կարող է «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ն իր շուրջ 2000 շրջանավարտների ցանցի միջոցով նպաստել մեր երկրում առաջնորդության զարգացմանը:

«ԱՅՍԵԿ-Հայաստան»-ի 30-ամյակի միջոցառումների նախագծի ղեկավար Իշխան Մարգարյանը նշեց, որ 30 տարվա ակտիվ գործունեությունը խոսում է այն մասին, որ «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ը հաղթահարել է բոլոր հնարավոր դժվարությունները և որպես երիտասարդական կազմակերպություն մուտք է գործում հաջորդ փուլ՝ առավել երկարաժամկետ պլաններով ու նոր նախագծերով: Մասնավորապես, մտադրություն կա ստեղծելու շրջանավարտների ասոցիացիա, որին ընդառաջ՝ արդեն իսկ գործարկվել է aiesecalumniarm.org հարթակը: Այստեղ տարբեր տարիների շրջանավարտները կարող են գրանցվել, հետևել միջոցառումների նորություններին, իրենց ներդրումն ունենալ տարբեր նախագծերի իրականացման գործում: Կազմակերպությունը միշտ բաց է համագործակցելու նոր գործընկերների հետ: «ԱՅՍԵԿ-Հայաստան»-ի 30-ամյակի միջոցառումներն իրականացվում են գործընկերների աջակցությամբ, որոնց շարքում են «Յուքոմ» ընկերությունը՝ որպես գլխավոր գործընկեր, «Պեպսի Արմենիա»-ն և «ԱՎՐՈՐԱ ԲԱՐԵԱԼԻՍ» գործակալությունը:

Նշենք, որ «ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC) միջազգային ուսանողական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1989 թվականից և հնարավորություն է տալիս հայ ուսանողներին մշակելու համատեղ ծրագրեր տարբեր երկրների ներկայացուցչությունների հետ, մասնակցելու միջազգային համաժողովների և սեմինարների, լինել ներգրավված համաշխարհային ուսումնական մթնոլորտին:

AIESEC-ը Երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա է, որը ստեղծվել է 1948 թվականին և համախմբում է ուսանողական խնդիրներով, առաջնորդությամբ ու կառավարմամբ հետաքրքրված ուսանողներին: Ներկայում կազմակերպությունը գործում է 120 երկրում, համագործակցում է աշխարհի ավելի քան 1700 համալսարանների հետ, ունի շուրջ 40 հազար անդամ ամբողջ աշխարհում: Լինելով միջազգային, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող և մինչև 30 տարեկան երիտասարդների կողմից կառավարվող աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝  AIESEC-ը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտելու ու զարգացնելու իրենց ներուժը և դրանով իսկ նպաստում է հասարակության զարգացմանը:

Share