Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Վերակառուցվող տունը՝ նոր կյանքի մեկնարկ

Մինասյանների ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի աջակցությունը ստացած՝ ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Ախլաթյան գյուղում այս օրերին շինարարություն է ընթանում: Կամավորության սկզբունքն սկսում է տարածվել և մշակույթ դառնալ նույնիսկ առանց գործընկերների միջամտության: Բնակարանաշինության ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ դա է:

Քսանչորսամյա սյունեցի Հրաչյան սկսել է շատ լուրջ խնդիրներ հաղթահարել՝ տարիներ առաջ… Նա կորցրել է մորը, հետո, ընտանիքի հետ՝ պայքարել եղբայրներից մեկի կյանքի համար: Տան կրտսերին հաջողվել է փրկել միայն համառ ու երկարատև ջանքերից հետո: Ճակատագրի հարվածներից տոկուն դարձած տղաները նախ իրականացրել են մոր երազանքը. երկուսն արդեն ավարտել են բուհը և աշխատում են Ախլաթյան գյուղի դպրոցում: Կրտսերն ուսանող դառնալու ճանապարհին է: Այժմ էլ փորձում են կյանքի նոր էջ բացել: Երեքով թև-թիկունք են դարձել իրենց հորը և սկսել քսանութ տարի կիսակառույց մնացած տան շինարարությունը:

Կիսակառույցի ներսում ընթացող աշխատանքները համախմբել են բոլորին: Ժամանակ առ ժամանակ, տան տղամարդկանց կամավոր օգնության են գալիս հարևանները, հարազատներն ու բարեկամները: Այդ ամենն առավելապես գնահատում է կամավորության փորձ ունեցող և այն արժեհամակարգ դարձրած Հրաչյան: Գործն առաջ է գնում միմյանց ոգևորելով և կատակելով: Տղամարդիկ ուզում են, որ նոր տան պատերի ներսում այսուհետ միայն ուրախություն լինի:

«Երազանքներ շատ ունեմ, բայց ամենակարևորներից մեկը՝ հորս ապահով տեսնելն է: Տարիներ շարունակ նրան չի հաջողվել տուն կառուցել: Մորս մահից և փոքր եղբորս առողջական լուրջ խնդիրները հաղթահարելուց հետո, մեզ հաջողվել է վերսկսել այն շինարարությունը, որը հայրս էր ուզում, բայց չկարողացավ իրականություն դարձնել: Ես ուզում եմ, որ տարիների այդ տառապանքից հետո, նա հանգիստ ապրի այն տան մեջ, որը մենք ենք կառուցում»,-ասել է տան ավագ որդին՝ 24-ամյա Հրաչյան:

Աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի ղեկավարները, միշտ չէ, որ կարողանում են միանալ շինարարությանը:  Ընտանիքների կյանքն ու իրականացվող գործընթացը, սակայն, նրանց ուշադրության կենտրոնում են: Երբեմն էլ, մինչև հանդիպում՝ ֆիզիկական բացակայությունը լրացվում է ուղերձով:

«Հրա՛չ, տեղեկացված եմ, թե ինչ դժվարությունների միջով է անցել ընտանիքդ: Աշխատավայրից դիմում եմ քեզ, եղբայրներիդ ու հայրիկիդ: Գիտակցում եմ, թե որքան ուժեղ եք և ինչ կամք եք դրսևորել, որպեսզի հաղթահարեք կյանքի հարվածները: Պայքարեք ձեր երազանքներն իրականացնելու համար: Դուք արժանի եք հարգանքի: Եղեք լավատես և վստահ մտածեք, որ նոր կառուցվող տան պատերի ներսում երջանիկ օրեր եք ապրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

——————————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

 

Share