Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչների համար ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Գլխավոր փողոցն արջերին չի գրավել լուսավորված ու մարդաշատ լինելու պատճառով: Արփիում այժմ առաջնահերթ է դարձել նաև երկրորդական փողոցների լուսավորության խնդրի լուծումը:
Գյուղի գլխավոր փողոցը՝ գրեթե 2 կմ հատված, լուսավորվել է նախորդ տարի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցության շնորհիվ: Գործընկերներն այստեղ տեղադրել են 51 LED լուսարձակ: Մեկնարկել են ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները: Եվս 60 լուսատու անհրաժեշտ կլինի՝ գյուղի չորս փողոց լուսավորելու համար: Արդյունքում կլուսավորվի 2250 մ երկարությամբ տարածք: Կլուծվեն կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրի անվտանգության և համայնքային բյուջեի միջոցների խնայողության խնդիրները:
«Հեռավոր գյուղերում իրականացվող ծրագիրը միշտ դիտարկվել է էներգախնայողության, տնտեսապես արդյունավետ լինելու, քաղաքակիրթ պայմաններ ապահովելու և բնապահպանական տեսանկյունից: Անվտանգության թեման ևս շոշափվել է և ոչ՝ պատահական: Սահմանամերձ գյուղերում կա հակառակորդի վարքագծից, իսկ մյուս բնակավայրերում՝ կենդանիների հարձակումներից պաշտպանվելու խնդիր: Այս ամենն ապահովելու համար, ենթադրվում է, որ գյուղը պետք է լուսավորված լինի գոնե 80 %-ով: Իսկ դա, իր հերթին՝ ավելի մեծ ծրագիր: Շատերին հասնելու նպատակով՝ մենք խնդիրը հաճախ լուծում ենք մի քանի տարվա ընթացքում. նախ՝ գլխավոր, ապա երկրորդական փողոցները լուսավորելով: Կարևոր է զգալ, որ այդ ամենը ծառայում է նպատակին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արդի տեխնոլոգիաներով երթակառուցվածքի զարգացման հնարավորությունն ու շինարարների աշխատանքը ոգևորել են բնակիչներին: Գյուղում արդն իսկ զգացել են LED համակարգի արդյունավետությունը: Վարչական տարածքի ղեկավարն արձանագրում է. ծախսը քիչ է, լուսավորությունը՝ գոհացնող:
«Ամռանը, լրահոսի զգալի մասը վերաբերում էր մեր գյուղին: Պատճառը՝ «հյուր» եկած արջերն էին, որոնք շատ վնաս հասցրեցին գյուղացուն: Կարծում եմ, որ ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, շատ բան կփոխվի: Այս լուսատուներն էներգախնայող են և հզոր: Դրանց տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս ունենալու լավ լուսավորություն և էապես կրճատելու էներգիայի ծախսը: Սովորական լուսատուների համեմատությամբ՝ արդյունքն ակնառու է»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանը:
Գործընկեր կառույցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթանում են խնդրի բացահայտման, պլանավորման և իրականացման աշխատանքներ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com