Բաժին. Սոցիալական

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը

Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացվող «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը:

Կարևորելով պատանի արվեստագետների ինքնաարտահայտվելու անհրաժեշտությունը` Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ ստեղծվել է նոր հարթակ, որի նպատակն է պատանիներին առիթ ընձեռել՝ ներկայացնելու իրենց արվեստը, առանց տեսակի սահմանափակման: Հարթակի յուրաքանչյուր մասնակից 20-30 րոպեների ընթացքում տեսանյութի օգնությամբ ներկայացրեց իր պորտֆոլիոն, որին հաջորդեց քննարկում:

«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով: «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը հրաշալի առիթ է պատանիների փոխշփման, նոր տաղանդների բացահայտման,  կապերի հաստատման,  նոր համատեղ նախագծերի ստեղծման և իհարկե Գաֆէսճեան պատանեկան խորհրդի նոր անդամներով համալրման առումով», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Տաղանդներ ու հանճարներ հենց այնպես չեն հայտնվում, նրանց բոլորի կյանքում լինում է ինչ-որ մեկը, ով նրանց աջակցում է: Հաճելի է գիտակցել, որ այս պատանիների համար հենց մենք և Գաֆէսճեան կենտրոնը կլինենք այդ ինչ-որ մեկը, ով նրանց հնարավորություն կտա բացահայտել իրենց և մեծ հաջողությունների հասնել ապագայում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

———–

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը 13-16 տարեկան երիտասարդների առաջնորդական խումբ է, որը  ստեղծվել է 2017թ.՝ նպատակ ունենալով կառուցել շարունակական հարաբերություններ  պատանիների հետ, կարևորել նրանց բազմապիսի հետաքրքրությունները և կարիքները՝ Կենտրոնը դարձնելով սիրելի վայր բոլոր դեռահասների համար, ներգրավել նրանց մշակութային միջավայրի մեջ որպես ակտիվ դերակատարների, միևնույն ժամանակ խթանել նրանց ստեղծարար մտածողությունը և տեսողական գրագիտությունը, նպաստել հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը:

Share