Բաժին. Սոցիալական

Ռոստելեկոմ. Հայկ Ֆարամազյանը հաջողություն մաղթեց ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մեկնող պատանիներին

Նոյեմբերի 05-ին «Ռոստելեկոմ»-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի 2019թ. միջազգային փուլի հայաստանյան մասնակից՝ Minders թիմի պատանիները և «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։

Պատանիները մեկնելու են Հունգարիայի Գյոռ (Gyor, Hungary) քաղաք՝ մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու նոյեմբերի 8-10-ը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) միջազգային փուլին, որն իր շուրջ է համախմբելու 423 թիմերի 73 երկրներից։ 2016թ.-ից միջազգային այս մրցույթը անց է կացվում նաև Հայաստանում, որի ներկայացուցիչը և ազգային փուլի միակ և պաշտոնական կազմակերպիչը հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը։

2018թ.-ից ՌՀՕ հայաստանյան ազգային փուլի անցկացմանը և արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանը աջակցում է «Ռոստելեկոմ» Հայաստանը։

«Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ մեր գրասենյակում։ Մասնակցությունը նման միջազգային օլիմպիադաների լուրջ ձեռքբերում և փորձառություն է յուրաքանչյուրի համար։ Մենք արդեն երկրորդ տարին է գործակցում ենք «Այբ» հիմնադրամի հետ և վստահ եմ, որ մասնակցությունը միջազգային հարթակներում ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը և միևնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ։ Հաջողություններ եմ մաղթում Ձեզ Հունգարիայում կայանալիք մրցաշարում, ինչպես նաև նորանոր ձեռքբերումներ՝ հետագա ուսման ընթացքում», – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը պատանիների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ ռոբոտաշինությունը ապագայի՝ ամենադինամիկ զարգացող ուղղություններից է։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսը 2019թ․-ին խելացի քաղաքներն են։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում, կառուցում ու ծրագրավորում են ռոբոտներ, որոնք պետք է կարողանան իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի խոսքերով՝ «Այբ»-ի կարևոր նպատակներից է հայ երեխաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերում ու հարթակներում։ «Վստահ եմ, որ, ՌՀՕ-ին մասնակցելով, այս երեխաները ոչ միայն իրենց ուժերը կփորձեն նոր մակարդակներում, այլ նաև փորձը, ձեռք բերած հմտություններն ու նաև ոգևորությունը կդարձնեն ապագայի ուղենիշ՝ հասնելու նոր նպատակների ու արդյունքների», – նշեց Սոնա Կոշեցյանը։ Այս համատեքստում տնօրենը արդյունավետ համարեց «Ռոստելեկոմ»-ի հետ համագործակցությունը. օրեցօր ավելի ու ավելի շատ երեխաներ են հետաքրքրվում ռոբոտաշինությամբ ու նոր գաղափարներով։ «Հույս ունեմ, որ հենց այս երեխաներն են փոխելու մեր երկրի զարգացման ընթացքը՝ կոնկրետ այս դեպքում մեր քաղաքը դարձնելով «ավելի խելացի»», – մեկնող թիմին ոգևորեց Սոնա Կոշեցյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն «Այբ» կրթական հիմնադրամն անց էր կացրել հունիսի 23-ին։ Մրցույթի ավարտին լավագույն արդյունք էր ցուցաբերել Minders թիմը (ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը): Թիմի պատանի ինժեներներ Դավիթներն ու Լևոնը իրենց մարզիչ Դավիթ Մանուչարյանի հետ շարունակել են մարզումները և շուտով կմասնակցեն նաև միջազգային փուլին։ Ամռան ընթացքում երեխաները, ազզային փուլի մասնակից հինգ թիմերի կազմում, մասնակցել են նաև Դանիայի Օրհուս քաղաքում կայացած ՌՀՕ ընկերական մրցաշարին (WRO Friendship Challenge) և 42 երկրներից ժամանած թիմերի շարքում զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը։

Օլիմպիադան Հայաստանում անց է կացվում 2016թ.-ից, այն խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում, օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի մասին

Արդեն 15 տարի է, ինչ ՌՀՕ-ն (World Robot Olympiad) կառուցում է այս կրթական հարթակը։ Միջազգային առաջին մրցույթին, որ տեղի է ունեցել 2004 թ.-ին, մասնակցել է 4000 թիմ 12 երկրից։ Իսկ 2018 թվականին օլիմպիադայում ներգրավվել է 26000 թիմ՝ շուրջ 70 երկրներից։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը, նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։

Տեխնիկական տվյալներ մրցույթի մասին

Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը՝ 3-ը։ Թիմը պետք է ունենա մարզիչ, որը պետք է լինի առնվազն 20 տարեկան։

Կարող են մասնակցել 6-19 տարեկան երեխաներն ու երիտասարդները։ Թիմերը կարող են մրցել տարբեր «կարգ»-երում (այս ընտրությունը կատարում են նախօրոք)․

– Սովորական մրցույթ

– «ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթ

– Բաց մրցույթ

– WeDo սովորական մրցույթ

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին այնպիսի մարդկանց կողմից, որոնք իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար: «Այբ»-ի ծրագրերը յուրօրինակ համադրություն են ազգային հարուստ կրթական ժառանգության և համաշխարհային առաջատար փորձի։ Մենք ձգտում ենք Հայաստանը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական նոր ու որակյալ հարթակ ապահովող և միջազգային կրթական ասպարեզում կարևոր տեղ զբաղեցնող երկիր: Հիմնադրամը 13 տարիների ընթացքում նախաձեռնել է 25 կրթական նախագիծ։ «Այբ» կրթական հիմնադրամի նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://foundation.ayb.am/hy/projects

Share