Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո

Մհերյանների ընտանիքը 12 տարի ապրել է վագոն-տնակում։ Ընտանիքի հայրը՝ Սամվելը, փորձել է սեփական ուժերով քարե տուն կառուցել, սակայն յոթ տարվա ընթացքում կարողացել է միայն պատերն ու տանիքը կառուցել: Բազմանդամ ընտանիքի հոգսը, օրեցօր աճող ծախսերն ու սոցիալական վիճակը, ստիպել են դարձյալ հարմարվել իրականության հետ ու հետաձգել սկսած գործի շարունակությունը:

Խնդրի լուծումն արագացնելու և վագոն-տնակից ընտանիքի տեղափոխումն օր առաջ իրականություն դարձնելու նպատակով, ընթացիկ տարվա ամռանը, դարձյալ համախմբվել են բնակարանաշինության ծրագրի՝ ավելի քան տասնամյա գործընկերները: Մհերյանների երազանքը վերջապես իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորների աջակցությամբ:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը դարձյալ Արարատի մարզի Մրգավետ գյուղում են եղել՝ Մհերյանների հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:

«Երկար տարիներ գործադրված համառ, բայց անօգուտ ջանքերից հետո, մեր ընտանիքը վերջապես քարե տուն ունի: Տուն՝ բոլոր հարմարություններով. խոհանոց, սանհանգույց, մեծ ու լուսավոր սենյակներ։ Սա անհնարին թվացող երազանք էր մեր՝ մետաղական պատերի ներսում տարիներ շարունակ ապրող ընտանիքի համար: Անչափ շնորհակալ եմ աջակցության համար»,-ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Թեհմինան։

«Այսօր ուզում եմ խոսել այս ծրագրի՝ անչափ կարևոր ձեռքբերումներից մեկի մասին: Բոլոր այն ընտանիքները, որոնք ապրել են վագոն-տնակներում, մեր համագործակցությամբ նոր բնակարան կառուցելուց անմիջապես հետո, ազատվել են ոչ միայն ծանր հիշողություններից, այլև ուղիղ իմաստով՝ երկաթյա վագոններից: Այսինքն, կա այն գիտակցությունը, որ վերադարձ չի լինելու, և ընտանիքն ինքն է քայլեր ձեռնարկում դա ապահովելու համար: Սա շատ լավ արդյունք է և տրամաբանորեն, հենց այդպես էլ պետք է լինի: Ուրախ եմ արձանագրել, որ մեզ՝ գործընկերներիս, հաջողվել է մարդկանց փոխանցել վաղվա օրվա լավատեսությունն ու վստահությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքը 12 տարի ապրել է վագոն տնակում՝ երազելով մի օր ավարտել իր կիսակառույցի շինարարությունը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության շնորհիվ, ընտանիքը վերջապես կարող է վայելել սեփական հարմարավետ տունը, մեծացնել երեխաներին ավելի լավ, բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Ուրախ եմ այս ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 46 տուն։  ՎիվաՍել-ՄՏՍ-ի  կողմից բնակարանաշինության ծրագրին հատկացվել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ընդհանուր առմամբ համագործակցության շնորհիվ աջակցություն է ստացել 208 ընտանիք:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share