Բաժին. Սոցիալական

Beeline. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը:

Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագրի այս տարվա թեման էր «Էկո Տոնածառը», որը զարդարվեց ծրագրի մասնակիցների կողմից` բնական նյութերով պատրաստված տոնածառի խաղալիքներով: 

Ծրագիրը տեղի ունեցավ ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում:

«Ընտանիքների համար նախատեսված «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը ԳԱԿ-ի ամենասպասված կրթական նախաձեռնություններից է: Կենտրոնն արդեն տասը տարի երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր անգամ հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարվա ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին նաև Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները, ովքեր կերպարանափոխվելով էլֆերի, օգնեցին միջոցառման մասնակիցներին պատրաստել ամանորյա զարդեր՝ միմյանց պատմելով Ամանորյա ու Սուրբ ծննդյան հրաշքների մասին պատմություններ:  Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերին աջակցելու համար», – մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Ինչպես միշտ մեծագույն հաճույք է այստեղ այսօր գտնվելը, քանի որ Գաֆէսճեան կենտրոնին հաջողվում է անել մի կարևորագույն բան՝ համատեղել ուրախ ժամանցը կրթության հետ: Ուրախ եմ, որ այս գեղեցիկ տոնական օրով մեր երեխաները կիմանան էկոլոգիայի կարևորության մասին և կսովորեն այդ գիտելիքները կիրառել ամենօրյա կյանքում», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share