Բաժին. Սոցիալական

2019 թվականին Մայր Աթոռի կողմից իրականացվել են 558.2 մլն դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր

2019 թվականին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի, Հայաստանի ու Արցախի թեմերի համապատասխան կառույցների կողմից իրականացվել են 558.211.581 ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր:

Մասնավոր ուշադրություն է դարձվել բնակչության կարիքավոր խմբերին` փախստականներին, սիրիահայերին, իրաքահայերին, ազատամարտիկներին, զոհված զինվորների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:

Անցյալ տարի 24.050.000 դրամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Լիբանանի Հայոց թեմին՝ Լիբանանի ներքաղաքական տագնապալի իրավիճակներում դժվարություններ ունեցող հայորդիներին զորակցելու համար: Աջակցություն է ցուցաբերվել ծնողազուրկ և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաների, կրթաթոշակներ են տրամադրվել սահմանմերձ գյուղերի ուսանողների:

Նախորդ տարի ընդհանուր առմամբ 1663 ընտանիքների ցուցաբերվել է դրամական օգնություն, իրային աջակցությունն են ստացել 6223 ընտանիքներ:

Բնականոն աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող 5 բարեգործական ճաշարանները, որոնցում առ այսօր ամենօրյա սնունդ է ստանում շուրջ 900 անձ:

Բարեգործական ծրագրերից մեջ առանձնահատուկ է Իզմիրլյան ԲԿ-ում կատարվող «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը, որից օգտվել են 292 սիրիահայեր:

«Ծաղկազարդը Մայր Աթոռում» ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են հրավիրվել Հայաստանի տարբեր մանկատների և երեխաների աջակցության կենտրոնների շահառու երեխաներ՝ մասնակցելու մանուկների օրհնության կարգին և ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

2019 թ.-ին ևս շարունակվել է «Բնակարանային ապահովման» ծրագիրը, որի շրջանակներում գնվել են 10 բնակարաններ:

Շուրջ 2.000.000 դրամի չափով օգնություն է տրամադրվել Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող 19 երեխայի:

«Ընտանիքի տարվա» շրջանակներում Մայր Աթոռում և աշխարհասփյուռ թեմերում իրականացվել են տարբեր միջոցառումներ ու ծրագրեր՝ խրախուսելով բազմազավակ ընատնիքներին:

Share