Սոցիալական | 12:07 09/05/20

Բժշկական արտահագուստից մինչև սննդի փաթեթներ. Հայկական Կարիտասի քայլերը Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու ուղղությամբ

Մինչ բնակչությունը կարանտինի մեջ  է և  բժիշկները առաջնագծում պայքարում են համավարակի դեմ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր 25 ամյա գործունեությանը, շարունակում է նպաստել երկրում իրավիճակի մեղմացմանը՝  իր կոչմանը համահունչ գործողություններով։

Արտակարգ դրության առաջին իսկ օրերին, կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը՝ տարաբնույթ աջակցություն տրամադրելով համայնքներում։  Առաջին ու ամենակարևոր  գործողությունը, Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում,   200 դիմավահան և 200 բժշկական արտահագուստի տրամադրումն էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին և շտապօգնության կայանին։ 

 Սոցիալական ինքնամեկուսացման պայմաններում  շատ ընտանիքներ հայտնվեցին դժվարին կացության մեջ։ «Հայկական Կարիտաս»-ը Հայաստանի 4 մարզում 1259 սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրեց ինչպես իր շահառուներին՝ միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել խոցելի ընտանիքներ, այլ նաև դժվարին իրավիճակում հայտնված շատ այլ քաղաքացիների: Ավելին, խոցելի խմբերի կարիքներին արձագանքելու համար իրականացվում  է շարունակական  հեռավար խորհրդատվություն և մշտադիտարկում, ինչպես նաև խիստ անհրաժեշտության դեպքում՝ տնայց տարեցներին:

Ընտանեկան միջավայրին առավելագույնս մոտ «Սաբինե» Փոքր խմբով տան կողմից 24/7 շուրջօրյա խնամք և աջակցություն է տրամադրվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և նրանց ընտանիքներին: 

Այս ընթացքում,  կազմակերպության կողմից նաև 15 արդյունավետ վառարան և ավելի քան 4 տոննա էկոբրիկետ է տրամադրվել  Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին։

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «Հայկական Կարիտաս»-ը  շարունակելու է ծրագրերը, ակնկալելով  շահագրգիռ անձանց և կազմակեպությունների աջակցությունը՝  խոցելի խմբերին սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակին դիմակայելու եւ դրա հետեւանքները  հնարավորինս մեղմելու գործում։

Կազմակերպությունը  շնորհակալ է բոլոր դոնոր կազմակերպություններին՝ օգնության ձեռք  մեկնելու և  ջանքերը  համատեղելու համար։

Եթե ցանկանում եք միանալ մեզ և բարի գործ կատարել,  կարող եք ուղարկել COVID բառը 7733 կարճ համարին և օգնել «Հայկական Կարիտասին» հոգ տանել Թագավարակի պատճառով դժվարին կացության մեջ հայտնվածներին:

Մեկ SMS-ի արժեքն է 500 դրամ։ Կարող եք նաև նվիրատվություն կատարել կազմակերպության կայքում՝ https://caritas.am/donation/ հղումով:

Facebook Linkedin Twitter Google+