Բաժին. Աշխարհ

Իտալիայում մինչև մեկ միլիոն աշխատատեղ վտանգված է

COVID-19 համավարակով պայմանավորված՝ Իտալիայում մինչև մեկ միլիոն աշխատատեղ կրճատվելու վտանգի տակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իտալական արդյունաբերության համընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ Կարլո Բոնոմին: «Տվյալներին կսպասենք մայիսի վերջին, սակայն խոսքը 700 հազարից մինչև 1 մլն աշխատատեղի մասին է, որոնք վտանգի տակ են»,-ասել է նա:

Այդ կապակցությամբ Բոնոմին սուր քննադատության է ենթարկել Իտալիայի իշխանություններին: Նրա խոսքով, բացակայում է ռազմավարական տեսլականը: «Ես տեսնում եմ, որ կա կենտրոնացում արտակարգ դրության վրա, և դա ճիշտ է, սակայն իշխանությունների մոտ ամբողջությամբ բացակայում է ռազմավարության այն տեսլականը, որը ցույց կտա, թե մենք ուր պետք է գնանք, իսկ դա հանգեցնում է խորը մտահոգության»,-ասել է նա: Նա հույս է հայտնել, որ ներկա ճգնաժամի հետևանքները թույլ կտան երկրում անցկացնել խոշոր արդիականացում:

Share