Բաժին. Պաշտոնական

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕԼԻՎԵՐ ԴԵԿԱՄՊԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ներսես Երիցյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Հարավային Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բիզնես խմբի ղեկավար Օլիվեր Դեկամպի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նոր, ինովացիոն, գիտելիքահենք տնտեսություն կառուցելու նպատակով մեր առաջնային ներդրումային ուղղություններին: Այս առումով կարևորվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների դիվերսիֆիկացման խնդիրը ու դրա ներքո ներդրումները ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը և տեխնոլոգիաների փոխանցմանն ուղղորդելուն:

Քննարկվող հարցերի թվում էին «Զվարթնոց» օդանավակայանին հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու և Գյումրու տեխնոքաղաքի ստեղծման, հյուսիս–հարավ միջանցքի, աղբահանության և այլ խնդիրներ:

Խոսելով հյուսիս-հարավ միջանցքի կառուցման մասին` նախարար Երիցյանը նշեց, որ սա տարածաշրջանային լայնամասշտաբ ծրագիր է և ընդգրկում է նաև հարևան երկրները: Այս առումով ցանկալի կլիներ ՎԶԵԲ-ի միջնորդությունը Հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ համագործակցության հաստատման գործում:

Պարոն Դեկամպը նշեց, որ վերոնշյալ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում կարևոր է ունենալ  բիզնես ծրագիր, այն իրականացնելու համար ներգրավել հովանավորների կամ ներդրողների, որոնք շահագրգռված կլինեն հաջողությամբ:

Անդրադառնալով աղբահանության խնդրին` պարոն Դեկամպն ընդգծեց ՎԶԵԲ-ի այս ծրագրի շրջանակներում համագործակցելու պատրաստակամությունը` մասնավորապես հաշվի առնելով այն փաստը, որ իրենք արդեն իսկ ներգրավված են Կոտայքի մարզում իրականացվող աղբահանության ծրագրում և ունեն տվյալ ոլորտում բարձրակարգ մասնագետներ:

Share