Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌԵՆԿՅԱՆԻՆ

ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Էռնեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքի ու ապագա անելիքների մասին: Էդուարդո Էռնեկյանն ուրախությամբ ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նախատեսված ժամկետներում«Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շինարարարական աշխատանքների ամբողջական ավարտը, ինչը հնարավորություն կտա 2011 թ. տարեկան սպասարկել շուրջ 3 մլն ուղեւորի, ինչպես նաեւ փոստային հաղորդակցության ոլորտում նախատեսված աշխատանքների պատշաճ կատարումը` որակյալ ծառայություններ մատուցելու մեր քաղաքացիներին հանրապետության թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում:

Նախագահ Սարգսյանը հատուկ կարեւորություն է տվել ֆերմերային եւ սննդի վերամշակման շուկաների զարգացման ուղղությամբ հայազգի գործարարի կողմից ներդրվող ջանքերին ու նախատեսված առաջիկա անելիքներին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է նորարարության եւ թարմ գաղափարների ներդրումը գյուղատնտեսության ոլորտում:«Ժամանակակից տեխնոլոգիաների, թարմ մտահղացումների ու նոր լուծումների ներդրումը գյուղատնտեսության բնագավառում իր հետեւից կարող է տանել այլ ոլորտների զարգացումը եւս եւ լավ հիմքեր կստեղծի գյուղական համայնքների ընդհանուր զարգացման համար»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Share