Բաժին. Պաշտոնական

ՎԶԵԲ-Ը ԿՊԱՀՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Միրոուն ներկայացրել է ՎԶԵԲ-ի գնահատականը հետճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։

Անդրադառնալով ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը` ՎԶԵԲ-ի նախագահը նշել է, որ անցած տարի կառույցը զգալիորեն մեծացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը եւ այսուհետ եւս կշարունակի պահպանել դրա բարձր մակարդակը։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տնտեսության մեջ ՎԶԵԲ-ի ներգրավվածության մեծացմամբ եւ առաջարկել ՎԶԵԲ-ի ապագա տարեկան ժողովներից մեկն անցկացնել Երեւանում։

Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության ուղղությունները եւ իրականացված ծրագրերը` ենթակառուցվածքների զարգացման, փոքր եւ միջին ձեռնարկատերերի օժանդակության ուղղությամբ, ինչպես նաեւ օպերատիվ շտաբի գործունեությունը։

Թոմաս Միրոուն բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունը։

Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները։ Կարեւորելով տարածքների համաչափ զարգացումը` կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է գյուղատնտեսության արդիականացումը եւ գյուղատնտեսության զարգացման մոդելի մշակումը։ Ի թիվս առաջնային ծրագրերի կարեւորվել են Զվարթնոց օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու գյուղմթերքների արտահանման մեծածախ շուկայի ձեւավորումը։ Վարչապետն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ի մասնակցությունն այդ ծրագրերին կբարձրացնի դրանց հեղինակությունը եւ կխթանի ազատ տնտեսական գոտում խոշոր ընկերությունների ներգրավումը։ Բանկի նախագահը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրել ծրագրի իրականացման առաջին փուլերում։

Անդրադառնալով միջնաժամկետ առաջնահերթություններին` զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ էներգետիկ եւ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի համար էական է նաեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացման տարածաշրջանային մոդելի մշակումը։ ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակությամբ ողջունել է հնչեցրած մոտեցումը։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ բիզնես եւ ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունից։ Մասնավորապես կարեւորվել է ՓՄՁ աջակցության մեխանիզմների ձեւավորումը եւ ընդլայնումը։

Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Share