Բաժին. Պաշտոնական

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ազգային Ժողովում կքննարկվի հունիսի 16-ին

ՀՀ Ազգային ժողովը կքննարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր»,- գրել է Միրզոյանը:

Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։

Ազգային անվտանգության ծառայության շենքում հունիսի 14-ին, ժամը 13:00 ից մինչև 23:30-ը գտնվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որն այնտեղ էր հրավիրվել հարցաքննության: Ծառուկյանի աջակիցները շուրջ 9 ժամ ԱԱԾ շենքի տարածքում հավաք էին իրականացնում և պահանջում էիր դադարեցնել պատգամավորի նկատմամբ իրականացվող գործողությունները:

Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։

Մեկ այլ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականացնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն անդրադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին։ «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մանե Գեւորգյանը։

Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել։

Նորայր Շողիկյան

Share