Բաժին. Պաշտոնական

Կառավարությունը ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը կերկարաձգի ևս 30 օրով` մինչև օգոստոսի 12-ը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին:

Նախքան օրակարգում ներառված հարցի քննարկումը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները. հուլիսի 11-ին արձանագրվել է 577 նոր դեպք, հուլիսի 12-ին՝ 182, ընդհանուր դեպքերի քանակը 32 151 է: Նախարարը նշել է, որ ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Արսեն Թորոսյանը հայտնել է նաև, որ հուլիսի 13-ի ժամը 9։00-ի դրությամբ չկա տանը սպասող քաղաքացի, կա միայն մեկ քաղաքացի, որին ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից պետք է տեղափոխեն կորոնավիրուսային։ Նախարարը կարևոր է համարել արտակարգ դրության ռեժիմի՝ առնվազն մեկ ամսով երկարացումը։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշումն ընդունվել է, հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշման փոփոխությունները: «Մասնավորապես հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը: Սահմանվել է, որ այն տրվում է բանավոր, իսկ հասցեատիրոջ պահանջով ենթակա է նաև գրավոր ձևակերպման: Բացառություն է նախատեսվել նաև ինքնամեկուսացման կարգի խախտման դեպքերից, երբ անձը բժշկական ցուցումներին համապատասխան այցելում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ՝ անհրաժեշտ լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ սահմանադրությամբ է սահմանված բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում արտակարգ միջոցների ձեռնարկումը. «Փաստորեն մեր օրենսդրությամբ, բացի արտակարգ դրության ռեժիմից, այլ արդյունավետ գործիքակազմ չունենք։ Եվ հետևաբար եթե մենք արտակարգ դրությունը չերկարացնենք, ըստ էության, մեր հակահամաճարակային միջոցառման ամբողջ համակարգը դե յուրե իր ուժը կկորցնի։ Այս է պատճառը, որ մենք պարզապես ստիպված ենք երկարացնել: Բայց մյուս կողմից հասկանում ենք նաև, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ: Այս ընթացքում դեռ նախորդ ամսվանից մենք ունենք օրենսդրական փաթեթ մշակելու որոշում, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում: Դա սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթև, այսինքն՝ թիրախավորված հակահամաճարակային միջոցառումների տրամաբանությամբ կառաջնորդվի: Ինչու այդ օրենսդրության մշակումը մենք չենք սկսել օրինակ մարտին, որովհետև մարտին կանխատեսումներն այլ էին, մտածում էինք, որ այս համաճարակը երևի մի քանի ամիս կտևի, ու մինչև այդ օրենսդրությունը պատրաստվի երևի համաճարակն էլ կվերանա: Բայց կյանքն այլ բան ցույց տվեց, և մենք առաջիկայում պիտի աշխատենք, որպեսզի այդ նոր գործիքակազմը կիրառենք, որ ստիպված չլինենք անընդհատ պանդեմիային զուգահեռ արտակարգ դրությունը երկարաձգել»:

Թեմայի վերաբերյալ Ռուստամ Բադասյանը նշել է, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը ինչպես առկա էր, շարունակում է առկա լինել: «Այդ օրենսդրությունն առողջապահության նախարարության կողմից մշակման փուլում է և կներկայացվի մեզ փորձաքննության: Մենք այդ օրենսդրությունը կիրառելիս կրկին պետք է գնահատենք՝ արդյոք այս դեպքում այդ գործիքակազմով հնարավոր լինելու է վիճակը վերահսկել, թե ավելի մեծ ազդեցության կարիք կա, այսինքն՝ արտակարգ դրություն։ Այնուամենայնիվ, տեղեկացնեմ, որ բոլոր այն իրավունքները, որոնք սահմանափակվում են արտակարգ դրությամբ, հնարավոր է սահմանափակել նաև ճյուղային օրենսդրական հստակ կարգավորումներով։ Իհարկե, ծավալների մասով կունենանք մեղմացում, և հենց դա պետք է գնահատենք՝ արդյոք այդ մի փոքր ավելի մեղմ միջոցներով հնարավոր լինելու է հասնել արդյունքի, թե ոչ», – ասել է նախարարը։

Share