Բաժին. Պաշտոնական

ՀՀ Կառավարություն. Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրմանը: «Ինչպես գիտեք, մենք շարունակական աշխատանքներ ենք տանում էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրման նպատակով: Եվ 2020թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն, Հայաստանը 193 երկրների ցանկից զբաղեցրել էր 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով իր դիրքերը 19 կետով: Ընդ որում, էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում:

Ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործքիների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Այս առումով ուզում եմ տեղեկացնել, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ հանրագիր. հայ դոմեյնների ներքո: Սա change.org հարթակի հայկական տարբերակն է:

Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ կամ էլ կոնկրետ պետական, տեղական և ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության բարելավման մասին հաղորդում: Այսպիսով, հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, աջակցել ներկայացվող նախաձեռնություններին, հետևել հանրագրի ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը: Ուզում եմ հատուկ շեշտել՝ այս հարթակում տեղի ունեցող պրոցեսներին կառավարությունը մեծ ուշադրությամբ հետևելու և ականջալուր է լինելու»,-ասել է փոխվարչապետը:

Share