Բաժին. Պաշտոնական

Քաղաքացիները Կադաստրի կոմիտեի մի շարք ծառայություններից կօգտվեն էլ. եղանակով. նախագիծն ԱԺ-ում է

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով պարզեցվում ու հստակեցվում են պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, ներդրվում էլեկտրոնային գործիքներ: Արմենպրեսի հաղորդմամբ՝«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը:

«Նախատեսվում է վարչարարության թեթևացում: Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինելու շինությունների և հողամասերի հատակագծերը փաստաթղթային եղանակով ներկայացնելու Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով»,-ասաց Ավագյանը:

Տեղեկատվության տրամադրման սակագներում նվազեցումներ են արվել: Մասնավորապես հողի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գործող 1000 դրամի փոխարեն սահմանվելու է 500 դրամ: Կադաստրային գործից պատճենների յուրաքանչյուր էջի համար պահանջվելու է 30 դրամ, իսկ եթե դրանք պահանջվելու են էլեկտրոնային եղանակով՝ ապա 10 դրամ: Ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկատվության համար նախատեսվում է 300 դրամ, իսկ փաթեթում ներառված տեղեկատվության համար՝ 1000 դրամ:

Պատգամավորների տարաբնույթ հարցերին ի պատասխան՝ Ավագյանը մասնավորապես նշեց՝ խթանում են, որ մարդիկ օգտվեն էլեկտրոնային միջոցներից: Այս նախագծով ցանկացած տեղեկատվություն կոմիտեից հնարավոր է դառնում ձեռք բերել էլեկտրոնային եղանակով, նույնիսկ գրանցման դիմումները հնարավոր է իրականացնել  e-cadastre.am կայքի միջոցով:

Աննա Գրիգորյան

Share