Պաշտոնական

Նախագահը ստորագրել է մի խումբ զինվորականների նոր կոչումներ շնորհելու և հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հրամանագրեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաև մի խումբ զինվորականների նոր կոչումներ շնորհելու մասին:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Share