Պաշտոնական

Կամավորներն Արցախում ոչնչացրել են թուրք 20 հատուկ ջոկատայինի՝ 2-ին թույլ տալով ճողոպրել՝ տեսածը պատմելու

Արցախի նախագահ Արայիկ Հարույթունյանը տեղեկացնում է, որ այսօր հանդիպում է ունեցել Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

«Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում:

Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել», – գրել է նախագահը՝ գրառմանը կցելով տեսանյութ:

Շահեն Մեղրյանի անվան՝ շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել:

«Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել: Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին»,- եղելությանն անդրադառնալով՝ գրառում է արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Share