Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին հայ գերիների վերաբերյալ: Ներկայացնում ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը.
«2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն:
Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը և այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադառնալ նշված հայտարարություններին:
Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից և նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով և պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն:
Այս պահանջը միջազգային իրավունքում գործում է՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց ու պետք է կատարվի առանց նախապայմանների:
1) նրանք արհեստական են ձգձգում հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը,
2) չարաշահում են իրավական ընթացակարգերը և նենգափոխում միջազգային իրավունքի պահանջները՝ գերիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդումներ ու ազատությունից զրկելն օգտագործում՝ որպես պատիժ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում կոնկրետ օրինակներով ապացուցված է, որ այս պրակտիկան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները,
3) օգտագործում են հարցը քաղաքական նպատակների համար: Խոսքն, օրինակ, վերաբերում է անկախ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները գերիների վերադարձի հարցն օգտագործում են Արցախում տարածքների փոխանակման, սակարկությունների ու քաղաքական այլ նպատակների համար,
4) շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերադարձին առնչվող 8-րդ կետը և այն կապում հայտարարության այլ կետերի հետ՝ ակնհայտորեն օգտվելով առիթից, որ դրանում նշված չէ այդ պարտավորության կատարման ժամկետ:
5) դիտավորությամբ շարունակաբար հոգեկան տառապանք են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև խաղում են հայաստանյան ու արցախյան հասարակության զգացմունքների հետ,
6) իրենց պահվածքով հանրային լարվածություն են ստեղծում Հայաստանում ու Արցախում,
7) մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ չեն հրապարակում Ադրբեջանում առանց որևէ օրինական հիմքի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը:
Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:
Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:
Ավելին, տեղի է ունեցել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց վերադարձ նույնպես:
Սկզբունքային առումով է անթույլատրելի է գերիների հարցը սոսկ եռակողմ հայտարարության ամսաթվով պայմանավորելը:
Եվս մեկ անգամ հստակ շեշտում ենք, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:
Նման մեխանիկական մոտեցումն անթույլատրելի է:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:
Այս փաստը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով:
Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային պահանջների բացարձակ գործողությունն ու հայկական կողմի գերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը առանց որևէ նախապայմանի»: