Բաժին. Պաշտոնական

Էդուարդո Էռնեկյան. հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ

Վարչապետի պաշտոնակատարը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետևաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում»:

Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը նշել է. «Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը: Մենք պետք է մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում գինու և խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել և բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում»:

Վարչապետի պաշտոնակատարը և Էդուարդո էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

Share