Բաժին. Պաշտոնական

Խոշորացման գործընթացի ավարտից հետո Հայաստանում կլինի 78 համայնք

Սեպտեմբերի 8-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ այդմ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման (վերակազմակերպման) 37 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արևուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքային փնջերում: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծի նպատակն է վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ տալ իրավակարգավորումներ, ինչպես նաև կարգավորել նոր համայնքի ձևավորմամբ պայմանավորված համայնքային սեփականություն համարվող գույքի փոխանցման հարցերը:

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: 2011 թ. նոյեմբերի 10-ին հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ով ՀՀ կառավարությունը հաստատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվել է նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն: 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 54 համայնք:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, 441 համայնք միավորվում է 37 համայնքային փնջով: «Այսպիսով ՀՀ-ում այս գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք և Երևանը: Ընդհանուր 78 համայնք կլինի, որից 8-ը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված», – ասել է նախարարը:

Փոխվարչապետն էլ ընդգծել է, որ համայնքների միավորման գործընթացի արդյունքում ավելի են մոտենում տարիներ շարունակ բարձրաձայնված, հռչակված ապակենտրոնացման գործընթացին. «Միավորման արդյունքում մեծանում են համայնքների տնտեսական պետնցիալը, կարողությունները»:

Անդրադառնալով միավորված համայնքներում համամասնական ընտրակարգով նախատեսվող ընտրություններին՝ փոխվարչապետը նշել է, որ այստեղ բալանսավորվելու է նաև հաղթողների ու պարտվողների նախկինում գոյություն ունեցող խնդիրը: «Նախկինում կար միայն մեկ հաղթող, իսկ հիմա բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին, իրենց ստացած ձայների համապատասխան 5 տարի շարունակ ներկայացված են լինելու համայնքի ավագանիում: Սրանով իրենց նախընտրական ծրագրերն իրագործելու հնարավորություն են ստանալու և տրված քվեին տեր են լինելու: Սա շատ կարևոր հանգամանք է, որը նպաստելու է տեղերում կուսակցությունների և հանրապետությունում կուսակցական համակարգի զարգացմանը», – ասել է նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, նշել է, որ որևէ համայնք չի փակվում, պարզապես կառավարման մոդելն է փոխվում։ «Բոլոր այն համայնքների բնակիչները, որոնք տարվա մեջ 4 անգամ գնում էին իրենց գյուղապետարան ինչ–ինչ հարցերով, հիմա նորից գնալու են։ Այսինքն՝ բոլոր ծառայությունները նորից մնում են համայնքներում։ Բնակիչների համար լրացուցիչ դժվարություններ չենք ստեղծում», – նշել է նախարարը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ԱԺ նախագահին՝ սեպտեմբերի 23-ին ժամը գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Share