Բաժին. Պաշտոնական

Արցախի խորհրդարանն ընդունել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 23-ին գումարվել է ԱՀ ԱԺ հերթական նիստը:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հեղինակի պահանջով հետ է վերադարձվել։

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ նախորդ հերթական նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 101 առաջարկ, որից 34՝ առաջին ընթերցումից հետո:

Ներկայացնելով  2022 թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարված փոփոխությունները՝

  • 500.0 հազարական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու  շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը,
  • պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 1.0 մլրդ դրամով`
  • հանգիստ, մշակույթ և կրոն բաժնի «Հուշարձանների վերականգնման և պահպանման ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացել է 20.0 մլն դրամով` Սուրբ Գևորգ եկեղեցու (ՈՒլուբաբ) տանիքի վերանորոգման համար, «Հրատարակչական ծախսեր» ծախսային ծրագիրը վերանվանվել է «Հրատարակչական և թարգմանչական ծախսեր» ծախսային ծրագրի և ավելացվել 3.0 մլն դրամով,
  • կրթության բաժնի «Նախադպրոցական հիմնարկներ» ծախսային ծրագիրը ավելացվել է 20.0 մլն դրամի չափով, «Ոչ ֆորմալ կրթության ծրագրեր» ծախսային ծրագիրը՝ 35.0 մլն դրամով, որից 20.0 մլն դրամը հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման կազմակերպման և դրա արդյունքներով աշխատավարձերի բարձրացման համար, իսկ 15.0 մլն դրամը տեխնիկական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծախսերի իրականացման համար,«Գիտաժողովների և խորհրդաժողովների ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացվել է 2.0 մլն դրամով։ Բաժնում լրացվել է «Հեռավար կրթության կազմակերպում» ծախսային ծրագիրը՝ 60.0 մլն դրամի չափով, նախատեսվում է սկզբնական փուլում հեռավար դասընթացների կազմակերպման համար կահավորել Ստեփանակերտ քաղաքի դպրոցների դասասենյակները:

Ֆինանսների նախարարի փոխանցմամբ կառավարության կողմից ընդունված այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին՝ մասնավորապես՝ առողջապահության բաժնում «Կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և պարագաների   ձեռքբերում ու սպասարկում» ծախսային ծրագիրը նվազեցվել է 200.0 մլն դրամով և նույն գումարի չափով նախագծում նախատեսել «COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումներ» ծախսային նոր ծրագիր։ Կրթության բաժնից հանվել է «Պետական աջակցություն արտասահմանյան բուհերում Արցախի Հանրապետությունից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին»  ծախսային ծրագիրը։

Ամփոփելով  նախագծով առաջարկվող 2022 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կազմելու են  184 մլրդ 300.0  մլն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144.0 մլրդ դրամ, սեփական եկամուտների տեսքով՝ 40.3 մլրդ.դրամ, ծախսերը՝ 215 մլրդ 781.1 մլն դրամ, դեֆիցիտը՝ 31 մլրդ 481.1 մլն դրամ:

Հաջորդիվ նախագծի վերաբերյալ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և Արցախի «Արդարություն»  խմբակցությունները ,ներկայացնելով իրենց տեսակետը,հայտարարել են, որ 2022թ․ բյուջեի նախագծին քվեարկելու են ազատ ռեժիմով։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները, ըստ արտահայտած տեսակետների, դեմ են  քվեարկելու նախագծին, իսկ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը՝ կողմ։

 Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հանրապետության նախագահը  նախ անդրադարձել է  2021թ ունեցած ժողովրդագրական և տնտեսական խնդիրներին և ձեռքբերումներին։ Արայիկ Հարությունյանը խոսել  է 2022թ բյուջեով նախատեսված ԱՀ արտաքին քաղաքականության, սոցիալական,  շինարարության, ջրամատակարարման, կրթության, առողջապահության ոլորտներում նախատեսված ծրագրերից։ Ըստ նախագահի՝ զգալի փոփոխություններ են սպասվում էներգետիկայի և կապի ծառայությունների, ջրամատակարարման և սոցիալական ոլորտների բարելավման ուղղությամբ։

«2022թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ընդունվել է 18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ։

 «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը  27 կողմ ձայնով նույնպես ընդունվել է որպես օրենք։

 «Ոստիկանության  զորքերի  մասին»,«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը  երկրորդ ընթերցմամբ 29 կողմ ձայնով ընդունվել է խորհրդարանի կողմից։Նախօրեին  այն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի  դրական եզրակացությանը։

 «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որոնք արժանացել էին գլխադասային հանձնաժողովի հավանությանը, միաձայն ընդունվել են որպես օրենք։

««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 27 կողմ ձայնով։

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել  «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը։

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։

Share