Բաժին. Պաշտոնական

Քննարկման է ներկայացվել Հայաստանում թվային հասարակության և տնտեսության ձևավորման վերաբերյալ առաջարկը

Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի և փոխնախագահ Ներսես Երիցյանի կողմից քննարկման է ներկայացվել թվային հասարակության և տնտեսության ձևավորման վերաբերյալ առաջարկը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի, տեխնոլոգիական տրանսֆորմացիայի մարտահրավերների և ՀՀ թվայնացման ընթացիկ արդյունքների հիման վրա: Հիմքում էկոհամակարգի սկզբունքով էլեկտրոնային տնտեսության ձևավորման և թվային լուծումների միջոցով ներառական և անվտանգ թվային փոխակերպման գաղափարն է: Առաջարկվում է միջոցառումներ իրականացնել թվային բարեփոխումների, տվյալների փոխգործելիության և կառավարման համակարգերի ձևավորման, էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, կիբերանվտանգության ապահովման, ինտերնետ հասանելիության բիզնես մոդելի մշակման, թվային գրագիտության և կարողությունների ձևավորման, էլեկտրոնային առևտրի և ծառայությունների խթանման ուղղություններով: Արդյունքում ակնկալվում է հասարակության, տնտեսության և կառավարության համընթաց թվային փոխակերպում և ազգային թվային ծառայությունների միասնական հարթակի ձևավորում: Նախատեսվում է գործընթացում պրոֆեսիոնալ փորձագետների ներգրավում և գնահատման ցուցանիշների համակարգի ներդրում, որով կչափվեն թվային տնտեսության առաջընթացը և դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունները:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն. քննարկվել են թվային գործընթացի կառավարման համակարգի կառուցվածքին, ֆինանսավորման մեխանիզմներին, մասնագիտական թիմի ներգրավմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանն առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Share