Բաժին. Պաշտոնական

Վավերացվել է ԵԱՏՄ և Սինգապուրի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը

Գործադիրը հավանություն է տվել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։ Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի, ներդրումների և ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների և իրավասությունների։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Հավանություն է տրվել 2019 թ. հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` «Ապրանքների առևտուրը», «Առևտրի պաշտպանական միջոցները», «Ապրանքների ծագումը որոշելու կանոնները», «Առևտրի տեխնիկական խոչընդոտները», «Մաքսային համագործակցությունը և առևտրի դյուրացումը», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները», «Մտավոր սեփականությունը», «Էլեկտրոնային առևտուրը», «Պետական գնումները», «Մրցակցությունը», «Էկոլոգիա»:

Գործադիրը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Share