Բաժին. Պաշտոնական

Համաշխարհային բանկ. Փոխշահավետ գործընկերություն՝ 30 տարիների ընթացքում

Կառավարությունում ընդունել են Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Կարևորվել է ՀՀ-ՀԲ գործընկերությունը, որի 30-ամյակը լրանում է այս տարի սեպտեմբերին, և որի շրջանակում մեր երկրում իրագործվում են տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Նշվել է, որ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման, թվայնացման ոլորտների բարեփոխումները, և դրանց հաջող իրականացման գործում Համաշխարհային բանկը Հայաստանի կարևոր գործընկերներից է:

ՀԲ փոխնախագահը շնորհավորել է փոխշահավետ գործընկերության 30-ամյակի առթիվ: Աննա Բյերդեն անդրադարձել է համատեղ ծրագրերին՝ արդյունավետ գնահատելով դրանց ընթացքը և մեր երկրի տնտեսական առաջընթացին բերած նպաստը: Նա նշել է, որ ՀԲ-ն պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը՝ գործունեության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ գործընկերության շրջանակում առ այսօր կատարված աշխատանքներից և մտքեր փոխանակել դրա զարգացման հեռանկարների շուրջ: Երկուստեք կարևորվել է կրթության, ենթակառուցվածքերի, դատաիրավական, թվայնացման, առողջապահության, հանրային կառավարման և այլ ուղղություններով փոխգործակցությունը: Նշվել է ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը:

Share