Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակության հետ

Քննարկվել են հարկային համագործակցության զարգացման հեռանկարները

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպում է ունեցել ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության միջազգային գործառնությունների գծով գործադիր տնօրենի պաշտոնակատար Քերիմ Քարթերի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների, այդ թվում՝ երկկողմ հարկային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Առանձնակի կարևորվել են հարկային իրավախախտումների քննության ուղղությամբ կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների, ինչպես նաև կրիպտոակտիվների հարկման և եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ հարցերը։ Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի կնքման հնարավորությունը։

ՊԵԿ նախագահը կարևորել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ դրական գնահատելով հարկային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը։

Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:

Share