Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 26-ին, աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Նախագահն այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) Գեղարքունիքի մարզի Գավառի մասնաճյուղ` Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն (ԵԶՎԿ): Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայության որակին:

Նշենք, որ մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերումը, զարգացման գնահատումը, նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, 2003թ. նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնների հիմնումը:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 2008թ-ից գործող Գավառի ԵԶՎԿ-ն իր չափերով փոքր էր և հնարավորություն չուներ սպասարկելու տարածաշրջանի բոլոր երեխաներին, որի համար էլ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն 2010-2011թթ. տարբեր կազմակերպությունների և հովանավորների աջակցությամբ այս քաղաքում կառուցել և կահավորել է մեկ այլ՝ ավելի մեծ և հարմարավետ կենտրոն:

Այն վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրում Գեղարքունիքի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու մինչև 200 երեխա՝ իրականացնելով ավելի քան 15000 այցելություն: Նշվել է, որ նախկին ԵԶՎԿ շենքը գործելու է որպես երեխաների զարգացմանը և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված տեղեկատվական և ուսումնական ծրագրերի «Ռեսուրս» կենտրոն:

Գավառ քաղաքում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Գավառի բժշկական կենտրոնի բացմանը, որտեղ Նախագահին ներկայացվել են կենտրոնում իրականացված օպտիմալացման և ներդրումային ծրագրերը, առողջապահական այս հաստատության հնարավորությունները:

Նշվել է, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնը կազմավորվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան միաձուլման արդյունքում: Ընդհանուր առմամբ վերանորոգվել և կառուցվել է շուրջ 3835 քմ մակերեսով տարածք, մասնավորապես` իրականացվել է բժշկական կենտրոնի մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում: Սկսվել են նաև դիարանի շենքի կառուցման և ինֆեկցիոն մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները: 

Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար, կահավորվել՝ նոր բժշկական և կենցաղային կահույքով: Առողջապահական այս հաստատությունն ունի նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:

Share