Բաժին. Պաշտոնական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ այսօր` նոյեմբերի 30-ին, մասնակցել է հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և կարևորել երկու պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումն ու ակտիվ համագործակցությունը՝ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և երկու պետությունների զարգացման տեսանկյունից: Նշելով, որ հաճելի է տեսնել վերջին մի քանի տարիներին հարևան Վրաստանի արձանագրած հաջողությունները` Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսություններն ինչ-որ չափով նման են միմյանց, այդ թվում՝ բնական ռեսուրսների սակավությամբ, ինչը ենթադրում է, որ պետք է հաջողությունների հասնել ի շնորհիվ լավ կառավարման և մարդկային ներուժի:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների, տնտեսության առաջնահերթ ուղղությունների, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ընթացքում երկրի տնտեսության մեջ որոշ ոլորտներում արձանագրված դրական ցուցանիշների և դեռևս առկա խնդիրների մասին: «Ես հպարտ եմ, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, և այս տարի մենք ակնկալում ենք այս ոլորտում 25 տոկոսի աճ: Այն, որ այսօր համաշխարհային առաջատար ընկերություններն այդ հանգամանքին ուշադրություն են դարձնում և Հայաստանում ներդրումներ են կատարում, մեզ, իհարկե, ուրախացնում և մեծ հույսեր է ներշնչում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, եթե ժողովուրդների, հասարակ քաղաքացիների միջև չկան լավ հարաբերություններ, ապա տնտեսական հարաբերությունները պարզապես չեն կարող լավ զարգանալ: Բոլոր մակարդակներում ակտիվ շփումներն օգտակար համարելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կմեծանան փոխադարձ ներդրումները երկու երկրներում:

Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Share