Բաժին. Պաշտոնական

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է 2011թ. ընթացքում կադաստրի համակարգում կատարված աշխատանքներին, այդ թվում՝ իրականացված բարեփոխումներին և 2012թ. նախատեսված ծրագրերին: Նշվել է, որ բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման հնարավորինս բացառմանը և հետևաբար` համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Նախագահին զեկուցվել է, որ այդ նպատակով արդեն իսկ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում 2012թ. հունվարի 1-ից կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք կապահովեն քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլն) տրամադրումը քաղաքացիներին: Կվերացվի նաև դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու, կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով` առցանց:

Իրականացված աշխատանքների արդյունքում, համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի նաև դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն կունենան կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին: Ամբողջությամբ կմասնավորեցվի անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքները կիրականացվեն բացառապես մասնավոր հատվածի` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից, կվերանա նաև անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանալու ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:

Share