Պաշտոնական

Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից

Արցախի Հանրապետության կառավարության նիստի ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որում ի թիվ ընթացիկ հարցերի, հայտնել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու որոշման մասին:

«Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ», – ասված է ուղերձում:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնել էր 2022-ի նոյեմբերի 4-ին, իսկ այսօր Արցախի նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից: Պետական նախարարի պարտականություններ ստանձնումն առաջարկվել է գլխավոր դատախազին:

Share