Բաժին. Պաշտոնական

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՂԻՍԱԲԵԹ 2-ՐԴԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ 60-ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի գահակալության 60-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից ջերմ շնորհավորանք և լավագույն բարեմաղթանքներ է հղել Եղիսաբեթ Երկրորդ Թագուհուն, արքայական ընտանիքի անդամներին և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին.

«Նորին Մեծությունը, պահպանելով և ներկայացնելով արքայական թագի լավագույն ավանդույթները, իր գահակալության վեց տասնյակ տարիների գործունեությունը ծառայեցրել է բրիտանական հասարակության բարօրությանը, աշխարհում համամարդկային ամենաբարձր արժեքների տարածմանն ու արմատավորմանը: Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու գահակալության տարիները, նրա պետական-հասարակական ակտիվ գործունեությունը երևան են հանում երկրի և հասարակության ճակատագրով սրտացավ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատին: Ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել հանդիպելու և հետաքրքիր զրույց ունենալու Նորին Մեծության հետ, այդ թվում՝ հայ-բրիտանական բարեկամության վերաբերյալ: Բարեկամություն, որը խարսխված է մեր ժողովուրդների ընդհանուր արժեքների և խաղաղ ու լուսավոր ապագայի հանդեպ անսասան հավատի վրա»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում: 

Հանրապետության ղեկավարը Նորին Մեծությանը մաղթել է աներեր առողջություն, եռանդ և կորով իր հետագա գործունեության ընթացքում, ինչպես նաև արքայական ընտանիքի և իր հպատակների սիրով և հարգանքով շրջապատված երջանիկ ու խաղաղ օրեր:

Share