Բաժին. Պաշտոնական

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ

Երեկ՝ ապրիլի 3-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:  

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս բարեկամական Կիպրոսի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցության առավել ամրապնդմանն ու զարգացմանը եւ այս այցելությունը լավ հնարավորություն է ի մի բելերու ձեռքբերումները, մշակելու նոր նախագծեր եւ ծրագրեր:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցությունը վերելք է ապրել, ինչը նշանավորվել է նաեւ երկու երկրների ղեկավարների պետական փոխայցելություններով», – հավելել է նախարար Նալբանդյանը:

Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից քննարկում են  ունեցել երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման ուղիների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Նախարարները երկուստեք կարեւորել են կիպրահայ համայնքի նշանակալի ավանդն ու ներդրումը միջպետական համագործակցության ամրապնդման գործում:

Նախարար Նալբանդյանն իր կիպրացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առնչությամբ Կիպրոսի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը սատարում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր:

Share