Բաժին. Պաշտոնական

ԲԱՑՎԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Բացվել է Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը բացման արարողությունից հետո շրջայց է կատարել առողջապահական այս հաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին:

Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի երկհարկանի մասնաշենքը կառուցվել է 1960-ական թվականներին: Այն վերանորոգվել է 1980թ., իսկ 2005թ. ենթարկվել է թեթև կոսմետիկ նորոգման և կարիք ուներ լուրջ վերանորոգման:

Հիվանդանոցի մանկական բաժանմունքը տարեկան սպասարկում է 400-450 երեխա: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերանորոգված Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմուքում տեղադրվել է ջեռուցման համակարգ, ամբողջովին փոխվել են ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրական համակարգերը, միջհարկային ծածկերը փոխարինվել են բետոնյա ծածկերով, կատարվել է մասնաշենքի տարածքի վերահատակագծում, արտաքին պատերի հարդարում և հիդրոմեկուսացում, իսկ տանիքն ամբողջովին փոխվել է: Բացի վերանորոգումից, ծրագրի շրջանակներում բաժանմունքը նաև վերակահավորվել է, համալրվել է նոր սարքավորումներով և ստացել շտապ օգնության մեքենա:

Բաժանմունքի վերանորոգումից հետո նախատեսվում է բուժանձնակազմի 10-12 աշխատատեղի ավելացում, իսկ սպասարկվող երեխաների քանակը` մինչև 600-650 երեխա: Հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են սոմատիկ հիվանդություններով երեխաներ: Բաժանմունքն ունի նաև ինտենսիվ թերապիայի սենյակ: Առաջին հարկաբաժնում կառուցվել և գործում է մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներով երեխաների վերականգնողական կենտրոն: Նախատեսվում է ստեղծել նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման ստորաբաժանում ևս, որը կսպասարկի նաև Սյունիքի մյուս տարածաշրջանների նմանատիպ խնդիրներ ունեցող նորածիններին:

Share